Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ բաժնի առաջին կուրսի ուսանողների աշխատանքները ամփոփվել են անգլերեն լեզվի ամբիոնի կողմից բացված «Աշխարհի գերտերությունների բնական ռեսուրսները» խորագիրը կրող ցուցահանդեսում:
Անգլերեն լեզվի դասընթացի շրջանակներում հանձնարարված ինքնուրույն աշխատանքները ուսանողների մի մասը ներկայացրել է էլեկտրոնային եղանակով, մյուս մասը՝ պատի թերթերի տեսքով, որոնցում տեղ էին գտել աշխարհի խոշորագույն տերությունների պատմության, աշխարհագրության և հատկապես տնտեսագիտության վերաբերյալ հետաքրքիր փաստեր և տեղեկություններ:
Ներկայացնելով տարբեր երկրների բնական պաշարները՝ ուսանողները վերլուծել են դրանց հատկանիշներն ու դասակարգման եղանակները:
«Ինքնուրույն աշխատանքները հանձնարարվում են ոչ միայն համապատասխան կրեդիտներ հավաքելու, այլև ուսանողների շրջանում դասընթացի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և հանձնարարվող նյութին ստեղծագործաբար մոտենալու նպատակով: Այդպիսով ստացած մասնագիտական գիտելիքները անգլերեն լեզվով վերարտադրելու հնարավորություն են ունենում, ինչին և ծառայում է անգլերեն լեզվի դասընթացը»,- նշել է անգլերեն լեզվի դասախոս Նարինե Մինասյանը: