Դեկտեմբերի 20-ին ֆրանսերեն լեզվի կենտրոնում ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ամբիոնի դասախոս Արմինե Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցերեկույթ` նվիրված ֆրանսիական պոեզիային:
Ֆրանսերենն իբրև երկրորդ լեզու ընտրած օտար լեզվի բաժնի ուսանողները ցերեկույթի ընթացքում հայերեն և ֆրանսերեն լեզուներով ասմունքել են ֆրանսիական դասական գրականության գոհարներից, խմբերգել ֆրանսիական սիրված երգեր:
Գովասանքի է արժանի այն, որ ուսանողներն ինքնուրույն էին ընտրել պոետներին ու նրանց ստեղծագործությունները, թարգմանել դրանք հայերեն և ներկայացրել հանդիսատեսի դատին:
Բանասիրական ֆակուլտետի դեկան Էլեոնորա Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին ֆրանսիական պոեզիայի բույրը ներկաներին փոխանցելու համար և խորհուրդ տվել պարբերական դարձնել նման հետաքրքիր միջոցառումները:
«Քիչ է միայն տաղանդավոր ուսանողներ ունենալը, պետք են նաև տաղանդներ բացահայտող դասախոսներ: Այսօր հերթական անգամ մենք համոզվեցինք, որ ունենք շնորհաշատ ուսանողներ և դասախոսներ»,- հավելել է նա: