Արցախի պետական համալսարան

 

IMG 5200   IMG 5237

IMG 5245    IMG 5259

Հունվարի 25-ին հրավիրված ԱրՊՀ խորհրդի նիստում լսել են ԱրՊՀ 2015-2016 ուսումնական տարվա կատարած աշխատանքների մասին ռեկտոր Մանուշ Մինասյանի հաշվետվությունը:

 

Նիստը վարում էր խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով օրակարգի հաստատումից հետո ելույթի համար խոսքը տրամադրեց ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանին:

Ներկայացնելով 2015-2016 ուսումնական տարվա գործունեությունը՝ Մ. Մինասյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպվել է 34 մասնագիտությունների գծով՝ 5 ֆակուլտետում և 22 ամբիոնում. «Աշխատանքներ են իրականացվել ժամանակակից պահանջներին համապատասխան ճկուն ուսումնական ծրագրեր և մասնագիտություններ ունենալու ուղղությամբ: Մասնագիտությունների ցանկի վերաբերյալ համալսարանի առաջարկությունների հիմքում դրվել են պետական քաղաքականության առաջնահերթությունները, աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքները, դիմորդների նախասիրությունները և համալսարանի իրական հնարավորությունները»:

Այս համատեքստում ռեկտորն ընդգծել է այն, որ կրթության որակի բարելավման նպատակով շարունակվել են հետևողական աշխատանքներ տարվել պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման, այն երիտասարդ կադրերով համալրելու, ինչպես նաև ՀՀ և արտերկրի առաջատար բուհերի փորձը տեղայնացնելու  ուղղությամբ:

Հաշվետու շրջանում ԱրՊՀ գործընկեր բուհերի թիվը աճել է երկուսով՝ Իսպանիայի Բասկերի համալսարան և ԱՄՆ Ֆրեզնոյի պետական համալսարան՝ հասնելով շուրջ երեք տասնյակի:

«ԱրՊՀ-ն, հանդիսանալով երկրի կարևորագույն գիտակրթական օղակը, հաստատուն քայլեր է ձեռնարկել գիտության առաջընթացի ուղղությամբ: Այսպես՝ անցկացվել են համալսարանական և ֆակուլտետային գիտական ընթերցումներ, համալսարանականները մասնակցել են գործընկեր համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովների, գիտական սեմինարների»,- գիտության խթանման ուղղությամբ կատարված աշխատանքների շարքում առանձնացրել է Մ. Մինասյանը:

Շոշափելի աշխատանքներ են տարվել նաև գիտական գրադարանի գրքային և էլեկտրոնային ֆոնդի համալրման առումով: Հաշվետու ուսումնական տարում գրադարանի գրքային ֆոնդը համալրվել է 1302-ով և կազմել 104 000 միավոր, էլեկտրոնային ֆոնդը՝ 3500-ով և կազմել 43 500 միավոր:

Հաշվետու ուսումնականը, ռեկտոր Մ. Մինասյանի հավաստմամբ, չնայած մեր երկրի համար ծանր իրադարձություններին՝ ռազմական գործողություններին, հագեցած էր գիտական, մարզական և մշակութային տարաբնույթ միջոցառումներով, որոնցից առանձնացնել կարելի է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում ԱրՊՀ ուսանողության ցուցաբերած ակտիվությունը:

Համապատասխան բաժնի և ուսանողական կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում աննախադեպ ակտիվություն է արձանագրվել ուսանողական կյանքի բոլոր ոլորտներում: Կազմակերպվել են ուսանողական գիտական ընթերցումներ, համերգային և տոնական միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, այցելություններ զորամասեր, երթեր, էքսկուրսիաներ, արշավներ: Համալսարանականները մասնակցություն են ունեցել նաև միջազգային ամառային դպրոցների, ճամբարների, բանակումների և այլն:

Բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում եղել ու մնում են համալսարանականների սոցիալական վիճակի բարելավման հարցերը: Միջոցառումներ են ձեռնարկվել առավել կարիքավոր ուսանողներին և աշխատակիցներին նյութական աջակցություն ցույց տալու (այդ նպատակին ծառայեցնելով ռեկտորի ֆոնդի զգալի մասը), ինչպես նաև համալսարանականների առողջարանային բուժման կազմակերպման ուղղությամբ: Հստակեցվել են համալսարանի արհեստակցական կազմակերպության կողմից որպես օգնություն տրամադրվող գումարների կարգն ու չափերը:

Հաջողություններ են արձանագրվել նաև ԱրՊՀ գիտական խորհրդի, կառուցվածքային և կանոնակարգային փոփոխությունների, ուսումնագիտական գործունեության բարելավման, ժամանակակից մեթոդների մշակման,  շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի ուղղությամբ տարվող, ԱրՊՀ վարկանիշի բարձրացմանը նպաստող, մեդիադաշտում համալսարանի ներկայացվածության պատշաճ մակարդակի ապահովման և մի շարք այլ աշխատանքներում:

Ուսումնագիտական և ուսանողների հետ տարվող աշխատանքներում արձանագրած ձեռքբերումներին զուգահեռ ռեկտոր Մ. Մինասյանը նշել է նաև բացթողումները, որոնք համալսարանում առկա մի շարք խնդիրների արդյունք են:

Ելույթի վերջում Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին, բարեխիղճ աշխատակիցներին և ԱրՊՀ պատիվը բարձր պահող ուսանողներին՝ ընդգծելով, որ համալսարանը գիտակցում է իր առջև դրված խնդիրների պատասխանատվությունը և հաստատակամ է կրթության և գիտության գործում ՝ այն համարելով հանրապետության զարգացման երաշխիքներից մեկը:

Գլխավոր հաշվապահ Ն. Գրիգորյանի՝ ԱրՊՀ 2016 թ.  ֆինանսական տարվա արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից և 2017 թ. ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագծի ներկայացումից հետո նիստի մասնակիցները հանդես են եկել ելույթներով, հարցերով և առաջարկություններով:

«Բուհի ղեկավարությանը հաջողվել է բարեփոխումների ընթացքում նվազագույնի հասցնել ունեցածի և նորի միջև առկա խզումը: Այստեղ է ձևավորվում մեր երկրի կրթական, քաղաքական, ստեղծագործական, ինչու չէ նաև գործարար էլիտան: Բարեփոխումների արդյունքում ակնառու են ներբուհական վերահսկողությունը, կարգուկանոնի հստակեցված մեխանիզմները և նորմատիվ իրավական ակտերի հստակությունը»,-նշել է ԼՂՀ ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ Լուսինե Ղարախանյանը:

Խորհրդի նախագահ Ա. Ղուլյանը անդրադարձել է ԱրՊՀ ներքին և արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով հատկապես միջազգային համագործակցության կարևորությունը. «Ողջունելի են գործընկերների ձեռքբերման ուղղությամբ ԱրՊՀ ղեկավարության ջանքերը, սակայն, իմ խորին համոզմամբ, դրանք պետք է ստորագրված փաստաթուղթ լինելուց բացի` նաև կրեն գործնական բնույթ: Սա, իհարկե, նաև հանրապետության արտաքին քաղաքականության հետևանք պետք է լինի»:

Ամփոփելով նիստը՝ Ա. Ղուլյանն առաջարկել է ԱրՊՀ 2015-2016 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը գնահատել բավարար, 2016թ. ֆինանսական տարվա արդյունքների վերաբերյալ հաշվետվությունն ընդունել ի գիտություն և հաստատել 2017թ. ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը: