Արցախի պետական համալսարան

IMG 5346  IMG 5446

IMG 5431  IMG 5477

Հունվարի 27-ին ՀՀ ԶՈւ կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում խրախուսվել են  ապրիլյան մարտագործողությունների ընթացքում խիզախություն ցուցաբերած  ԱրՊՀ մի խումբ ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ՊԲ ԱՀՏԱ բաժնի պետ Նորայր Մկրտչյանը, համագործակցող զորամասի սպայական կազմը, զինվորականներ, ուսանողներ:

Փառքի սրահում ծաղիկներ խոնարհելուց հետո ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով վարում էր դաս-միջոցառումը, ներկաներին շնորհավորեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով այդ իրադարձության անհրաժեշտությունն ու կարևորությունը:

«25 տարի առաջ կազմավորվեց տարածաշրջանային նոր գործոն՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխավորը, և այսօր էլ հայկական բանակը շարունակում է լինել մեր անկախության գլխավոր ձեռքբերումն ու ազգային անվտանգության հիմնական երաշխավորը»,- իր խոսքում նշել է Վ. Յարամիշյանը:

ԼՂՀ ՊԲ ԱՀՏԱ բաժնի պետ, գնդապետ Ն. Մկրտչյանը իր խոսքում անդրադարձել է Հայոց բանակի կազմավորման պատմությանը, ապա ներկայացրել ՀՀ ԶՈւ դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Խոսելով ազգ-բանակ գաղափարի մասին՝ բանախոսը նշել է, որ ապրիլյան գործողությունները հերթական անգամ ապացուցեցին, որ հայկական բանակը միայն համազգեստ կրողները չեն, բանակի շարքերում են նաև հողագործը, ուսուցիչն ու գործարարը:

Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ գնդապետը շարունակական հաղթանակներ մաղթեց հայոց բանակին ու հայ ժողովրդին. «Իբրև զինվորական` ես իրավունք չունեմ խաղաղություն  մաղթել, քանզի խաղաղությունը թույլերի երազանքն է: Ես մեզ բոլորիս շարունակական հաղթանակներ եմ մաղթում»:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանն իր խոսքում հույս է հայտնել, որ երիտասարդ սերունդը հաղթանակներ կարձանագրի  նաև կրթության, գիտության և այլ ոլորտներում:

Երիտասարդությանը համարելով հասարակության շարժիչ ուժ՝ Մ. Մինասյանը կարևորեց նրանց ներկայիս և ապագա գործունեությունը երկրի զարգացման և կայացման գործում: Ապրիլյան գործողությունների ժամանակ ցուցաբերած սխրագործությունների համար ԱրՊՀ  մի խումբ ուսանողների ռեկտորը խրախուսել է շնորհակալագրերով և դրամական պարգևներով՝ հավաստիացնելով, որ այն շարունակական է լինելու: Ապրիլյան քառօրյայում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար ռեկտորի հրամանով  հուշանվերով պարգևատրվել է նաև ՆԶՊ ամբիոնի ավագ դասախոս Ն. Ասլանյանը. «Պատիվ է մեր շարքերում ունենալ նման անհատների, ովքեր սերունդ են կրթում ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև`  գործնական»,- հավելել է Մ. Մինասյանը:

Պարգևատրված ուսանողներից Ա. Մագերկոն, ով անցել է ապրիլյան գործողությունների թոհուբոհով և պարգևատրվել «Արիության» մեդալով, ներկաներին պատմել է իր և զինակից ընկերների սխրագործությունների մասին.«Մենք մեզ զգացինք որպես մեր երկրի իրական տերեր և հնարավորություն ունեցանք ապացուցելու, որ ներկայիս սերունդը ավագներին չի զիջում ո´չ հայրենասիրությամբ և ո´չ էլ քաջությամբ»:

Հայաստանի Առաջին Հանրապետության զինված ուժերի, Արցախյան շարժմանը և պատերազմին ԱրՊՀ մասնակցության, բանակաշինության 25 տարիների մասին ելույթներով հանդես են եկել Ն. Ասլանյանը, Ե. Առուշանյանը, Շ. Այդինյանը:

 «Սա բոլորիս տոնն է, առիթ` գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս ինչ-որ չափով աջակցենք մեր բանակին, այն էլ ավելի կհզորանա»,- նշել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը:

Ե. Առուշանյանը, ով ԱրՊՀ ուսանող էր 1988-ին, ներկաներին պատմել է Արցախյան շարժման և պատերազմական գործողությունների հետ կապված բուհի ուսանողության գործունեության մասին՝ շեշտելով այն հանգամանքը, որ ազգ-բանակ գաղափարը արցախցու համար նորություն չէ, միշտ էլ օրհասական պահերին ազգովի զինվորագրվում և պաշտպանում են հող հայրենին:

Միջոցառումը եզրափակվել է «Գոյամարտ» ստուդիայի կողմից պատրաստված «Անկախության պահապանը» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ: