ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ

01.02

2017

 

IMG 5632   IMG 5592

IMG 5645   IMG 5613

2016թ. նոյեմբերի 17-ին ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարված մրցույթին բնագիտության ֆակուլտետի ուսանողներ Անուշը և Ալեքսեյը ներկայացրել են մի ծրագիրորն արժանացել էր ԱրՊՀ ղեկավարության հավանությանը, պատվոգրի ու պարգևի:

Նախնական պայմանավորվածության համաձայն` հաղթող ճանաչված ծրագիրը ԱրՊՀ ղեկավարության աջակցությամբ պետք է իրականացվեր: Ուսանողներն իրենց մշակած ծրագրում առաջարկում էին բնագիտական ֆակուլտետի տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողների խմբերով այցելել Արցախի տարբեր շրջաններ ու բնակավայրեր, լինել դպրոցներում, հանդիպել աշակերտների հետ, ներկայացնել իրենց ընտրած մասնագիտության գրավիչ կողմերը, արդիականությունը, փորձել աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ:

Եվ ահա հունվարի 30-ին` ձմեռային արձակուրդի օրերին, մեկնարկեց նշված ծրագիրը: Առաջին օրը ուսանողական խումբը, որը կազմված էր քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, մաթեմատիկայի, ֆիզիկայի բաժիններում սովորող մեկուկես տասնյակ ուսանողներից, համալսարանի կողմից տրամադրված ավտոբուսով մեկնեց Ասկերանի և Նորագյուղի դպրոցներ: Դպրոցների տնօրենները համալսարանի ղեկավարության կողմից նախապես տեղեկացված էին ուսանողների այցի մասին, ուստի տեղերում կազմակերպչական բնույթի խնդիրներ չառաջացան: Ուսանողները հանդիպեցին աշակերտների հետ և ներկայացրին իրենց այցելության նպատակը: Պետք է խոստովանել, որ սկզբում մի փոքր դժվար էր կապն ստեղծելը, սակայն նախնական երկուստեք լարվածությունը հաղթահարելուց հետո շուտով սկիզբ առավ ակտիվ հարց ու պատասխան:

Պատասխանելով աշակերտներին հետաքրքրող հարցերին` ուսանողներն իրենց կողմից առաջադրեցին հետաքրքիր ու տրամաբանական մի շարք խնդիրներ ու դրանց լուծման եղանակները, կատարեցին լաբորատոր փորձեր, պատմեցին իրենց փորձուսուցումից` ցուցադրելով Մայր բուհի գործունեության տարբեր ոլորտների մասին պատմող հետաքրքիր տեսաֆիլմեր: Հանդիպումների վերջում ուսանողներն աշակերտներին նվիրեցին իրենց բերած մասնագիտական գրքերն ու գեղարվեստական գրականությունը:

Կարելի է փաստել, որ առաջին փորձը հաջողված էր: Այդ հաջողությունից ոգևորված ուսանողները հունվարի 31-ին ճանապարհվեցին Մարտակերտի շրջան: Առջևում հանդիպումներն են Մարտունու, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջաններում: Ծրագրի վերջում կազմակերպիչները նախատեսում են կատարել արդյունքների վերլուծություն և ԱրՊՀ ղեկավարության միջոցով գրավոր առաջարկություններ ներկայացնել ԿԳՍՆ` բնագիտական մասնագիտությունների վարկանիշը մեր հանրապետության սովորող երիտասարդության շրջանում բարձրացնելու վերաբերյալ:

                                                                                     Արփինե Յարամիշյան