ԿԼՈՐ ՍԵՂԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ-ՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆԸ

10.02

2017

 

IMG 7093   IMG 7090

IMG 7103   IMG 7061

Տնտեսագիտության ֆակուլտետը պարբերաբար հանդես է գալիս տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների և ձեռքբերումների վերաբերյալ քննարկումներով: Փետրվարի 10-ին ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնած կլոր սեղանը նվիրված էր ԼՂՀ-ում հիփոթեքային վարկավորման հասանելիության ձեռքբերումներին:

Կլոր սեղանին հրավիրված էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի ղեկավար Մհեր Մխիթարյանը, Սոցիալական ծրագրերի հիմնադրամի տնօրեն Մարատ Հասրաթյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ գործակալ ընկերության տնօրեն Վարդան Ավետիսյանը, «Արցախբանկ» ՓԲԸ Վերածնունդ մասնաճյուղի կառավարիչ Գուրգեն Աղասարյանը, համալսարանականներ:

Հանդես գալով բացման խոսքով՝ ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը ողջունել է տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնել հյուրերին մասնակցության համար և առաջարկել ԱրՊՀ ուսանողներին ևս ընդգրկել նրանց կողմից կազմակերպվող միջոցառումներում:

Մ. Մինասյանի  կարծիքով 25 տարին բավարար ժամանակ է հետադարձ հայացք նետելու և վերլուծություններ կատարելու, խնդիրների մասին խոսելու և դրանց վերացման  ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու համար. «Երկրի մայր բուհը ոչ միայն սերունդ կրթելու կամ աշխատաշուկայի պահանջները բավարարելու առաքելություն ունի, այլև` ուսումնասիրություններ կատարելու և դրանց հիմնան վրա գիտական արդյունք տալու: Այն, որ մեր երկիրն ունի զարգացող տնտեսություն, փաստ է: Այդ մասին են վկայում կայուն տնտեսական աճի  ցուցանիշներն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, ինչը չի նշանակում, թե խնդիրներ չկան: Անգամ հարուստ ու զարգացած և կայուն խաղաղության պայմաններ ունեցող խոշոր տնտեսություններն ունեն խնդիրներ ու մարտահրավերներ: Իսկ մեր տնտեսության խնդիրների մեծ մասը խորհրդային տարիներից են գալիս, պայմանավորված են պատերազմական իրավիճակով և սոցալական ծանր բեռով»,- նշել է Մ. Մինասյանը:

Տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նինա Բալայանը ներկայացրել է ԼՂՀ հիփոթեքային շուկայի վերաբերյալ կատարած իր ուսումնասիրությունն ու առկա ցուցանիշների վերլուծությունը, որից հետո ներկաները մտքեր և կարծիքներ են փոխանակել թեմայի վերաբերյալ:

Տեսականից անցում կատարելով գործնականին՝ ներկաները վերլուծել են հիփոթեքային վարկավորման հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնց բախվում են վարկառուները և վարկ տրամադրող կազմակերպությունները, առաջ քաշել դրանց հնարավոր լուծման ուղիներն ու պարզաբանումներ ստացել լիազոր մարմնի՝ ֆինանսների նախարարության ներկայացուցչից: