Արցախի պետական համալսարան

 

IMG 7641   IMG 7655

IMG 7717   IMG 7661

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Փետրվարի 15-ին տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ կայացած գիտական քննարկումների առանցքում Արցախի Հանրապետության տնտեսական ձեռքբերումներն էին:

Քննարկումներին մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը,  պրոֆեսորադասախոսական կազմը, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի արտադրական բաժնի պետ Կարեն Աթայանը, ուսանողներ:

Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ Իրինա Իշխանյանը բացման խոսքում անդրադարձել է ԱՀ 25-ամյա ուղուն և այդ համատեքստում ընդգծել տնտեսության դերը, որով և պայմանավորվում է նախաձեռնության  կարևորությունը:

Զեկույցներով հանդես են եկել ՏՏ և կառավարման ամբիոնի անդամներ տ.գ.թ., դոցենտ Մ. Մինասյանը, տ.գ.թ., դոցենտ Ռ. Մանգասարյանը, տ.գ.թ., դոցենտ Շ. Ասրյանը, Ա. Սիմոնյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մ.Մխիթարյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի արտադրական բաժնի պետ Կարեն Աթայանը:

Վերջիններս իրենց ելույթներում անդրադարձել են ԱՀ տնտեսության զարգացման նախադրյալներին, կառավարության կողմից տնտեսական հատվածի զարգացումը խթանող ծրագրերին և բարեփոխումներին, տնտեսության գերակա ուղղություններին, տնտեսական վիճակն ըստ տարիների բնութագրող հիմնական ցուցանիշներին, ՀՆԱ-ին և դրա կառուցվածքային խնդիրներին, տնտեսական աճին և դրա սոցիալ-տնտեսական հետևանքներն, ժողովրդագրական հիմնախնդիրներին՝ գլոբալ զարգացման համատեքստում և այլն:

Փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես` Արցախի ներդրումային և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամների գործունեության և արդյունքների վերաբերյալ ելույթներով հանդե են եկել Մ.Մխիթարյանը և  Կարեն Աթայանը:

Մոտ երեք ժամ տևած քննարկումներն, ըստ ներկաների, արդյունավետ էին երկուստեք. համալսարանականների կողմից կատարված խորքային վերլուծություններն ու դրանց հիման վրա կատարված առաջարկությունները կարող են արդյունավետ լինել իրական հատվածում և հակառակը: