ԱրՊՀ իրավունքի ամբիոնը հանդես է եկել նախաձեռնությամբ, որի շրջանակներում ամբիոնի դասախոսներն ու ուսանողները մասնագիտական փորձաքննության են ենթարկել գործող Սահմանադրությունն ու Սահմանադրության նոր նախագիծը:
Փետրվարի 17-ին ԱրՊՀ մեծ դահլիճում խմբի անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքի արդյունքները: Դասախոսական կազմի վերահսկողությամբ և անմիջական մասնակցությամբ կատարված աշխատանքը նպատակ ուներ ուսանողների շրջանում զարգացնել համեմատելու և վերլուծելու կարողությունները, մյուս կողմից՝ հանրության լայն շրջանակներին իրազեկելու գործող Սահմանադրության ու Սահմանադրության նոր նախագծի ընդհանրություններն ու տարբերությունները, մասամբ կամ ամբողջական փոփոխության ենթարկված և նոր հոդվածները:
Իրավունքի ամբիոնի վարիչ Ռիտա Առստամյանը, նախքան դասախոսների և ուսանողների ելույթները, ներկայացրել է Արցախի Հանրապետությունում իրավունքի պատմության ստեղծման և զարգացման նախադրյալները, ապա՝ 2006 թվականին ընդունված Սահմանադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը:
«2006-ին սկիզբ առած սահմանադրական բարեփոխումները գտել են համակարգային նոր մոտեցումներ՝ կարգավորելով սահմանադրաիրավական հարաբերությունների բոլոր նորմերը: Որպես իրավագետներ` ճիշտ ենք համարել ներկայացնել Սահմանադրության նախագիծը՝ որպես իրավական փաստաթուղթ»,- նշել է ամբիոնի պատասխանատուն:
Միջոցառման ընթացքում բանախոսները, ըստ գլուխների, համեմատել են գործող և առաջարկվող Սահմանադրությունների դրույթները, պարզաբանել դրանց հետ կապված որոշ իրողություններ:
Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ուսանողներն այն կարծիքն են հայտնել, որ այն կարևոր էր ոչ միայն մասնագիտական փորձաքննության տեսանկյունից, այլև՝ հետազոտական աշխատանքի և թիմում աշխատելու առումով: