Արցախի պետական համալսարան

 

16775930 1170957633001425 1627291469 o   16810295 1170958223001366 1931488465 o

16810231 1170956773001511 1826622364 o   16804977 1170956373001551 751929797 o

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից է ԱրՊՀ պատմության բաժնի ուսանող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Ստեփանի Նարինյանը: Ծնվել է 1996 թվականի փետրվարի 17-ին, ՀՀ Մեծամոր քաղաքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաք: 2014 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել է ՊԲ շարքերը: Զոհվել է 2016 թվականի ապրիլի 5-ին: Հետմահու պարգևատրվել է ‹‹Արիություն›› մեդալով:

 

2017 թ. փետրվարի 17-ին Վլադիմիրը կդառնար 21 տարեկան: Օրվա խորհրդին անմասն չմնաց նաև ԱրՊՀ-ն: Հայագիտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց այց Նարինյանի շիրմին: Այցին մասնակցում էին ԱրՊՀ պատմաիրավաբանական ֆակուլտետի ուսանողներ /այդ թվում՝ Վլ. Նարինյանի համակուրսեցիներ/, ուսխորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և գիտաշխատողներ՝ պ.գ.թ. , ԱրՊՀ պրոֆեսոր Ա. Վարդանյանը, պ.գ.թ., դոցենտ Ա. Առստամյանը /Պատմաիրավաբանական ֆակուլտետի դեկան/ պ.գ.թ., դոցենտ Ն. Բաղդասարյանը և Հայագիտական կենտրոնի ղեկավար Ն. Վարդանյանը:

Այցի ծրագրի շրջանակներում մասնակիցները նախ այցելեցին Նարինյանի շիրմին, ապա Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան ավագ դպրոց: Հատկանշական է, որ դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է Վլադիմիր Նարինյանի անվամբ: Օրվա խորհրդի հետ կապված դպրոցականները հանդես եկան հիշատակի խոսքով: Այնուհետև միջոցառումը շարունակվեց դպրոցի նիստերի դահլիճում, որտեղ հնչեց ԱրՊՀ-ականների խոսքը: Նարինյանի ծննդյան օրվա խորհուրդը դահլիճը շնորհավորեց ոչ թե ավանդական դարձած «մեկ րոպե լռությամբ», այլ ծափահարություններով: Առաջին ելույթը ԱրՊՀ պատմության բաժնի 3-րդ կուրսի /հեռակա/ ուսանող Ասյա Սուլեյմանյանինն էր, ով Վլադիմիրին մանկուց էր ճանաչում: Ծառայակից ընկեր, պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Հակոբ Ավանեսյանն էլ ներկայացրեց իր վառ հուշերը մարտական ծառայության շրջանից: Արմինե Առստամյանի խոսքերով Վլադիմիր Նարինյանը իր հուշերում կմնա որպես հավերժ ուսանող, հայրենասեր երիտասարդ: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Արմինե Առստամյանի հեղինակած բանաստեղծությունը ներկայացրեց իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Գաբրիելյանը: Միջոցառումն ամփոփվեց Նելլի Բաղդասարյանի կողմից: Նա նշեց, որ Վլադիմիրն այն առանձնացող տեսակն էր, ով անջնջելի հետք է թողել իր հուշերում, իսկ օրվա խորհրդին վերաբերվել է որպես ուխտագնացության: Միջոցառման ավարտին ԱրՊՀ կերպարվեստի ամբիոնի կողմից պատրաստված Վլադիմիր Նարինյանի յուղաներկ դիմանկարը հանձնվեց հարազատներին:

Անի Ավանեսյան