Արցախի պետական համալսարան

 

16649   16649163

44444   1664097

«Սահմանադրական բարեփոխումները Արցախում» թեմայով ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Ֆեմիդա» թիմը:

Երկու փուլով կազմակերպված ինտելեկտուալ խաղի առաջին փուլը կազմակերպվել էր ֆակուլտետներում, որի ընթացքում մրցում էին ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողների խմբերը: Ներֆակուլտետային փուլի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած թիմերը փետրվարի 17-ին մասնակցել են եզրափակիչ փուլին:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին ԱրՊՀ պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Գեորգի Սահակյանը և իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանը: Հանձնախումբը գլխավորում էր ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Երկու փուլով ընթացած եզրափակիչ խաղի ընթացքում իրենց պատրաստվածությունն էին ստուգում և հաղթանակի համար պայքարում բանասիրական ֆակուլտետի «Զարթոնքի սերունդ», բնագիտական ֆակուլտետի «Յահու», մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Տրիումֆ», պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Ֆեմիդա» և տնտեսագիտության ֆակուլտետի «Արցախցիներ» թիմերը:

Երկու փուլի արդյունքներով առավելագույն միավորներով հաղթող է ճանաչվել պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Ֆեմիդա» թիմը, որի կազմում ընդգրկված էին իրավագիտություն բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ: Հաղթող թիմը պարգևատրվել, իսկ մասնակից մյուս թիմերը խրախուսական նվեր են ստացել բուհի ղեկավարության կողմից:

Շնորհավորելով բոլորին հետաքրքիր և բովանդակալից խաղի համար՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է նման նախաձեռնությունները այն առումով, որ երկրի մայր բուհը՝ ի դեմս երիտասարդության, չի կարող անմասն մնալ մեր հանրապետության համար կարևոր այդ իրադարձությունից:

«Կարևոր չէ, թե ինչ ձևաչափ է ընտրված, կարևորն այն է, որ այսօրվա երիտասարդը մտահոգ է իր երկրի ապագայով և ունի քաղաքացիական իր դիրքորոշումը»,- հավելել է ռեկտորը:

16807143   16832004