Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում փետրվարի 17-ին ԱրՊՀ-ում ղարաբաղյան շարժման պատկերագրության վերաբերյալ դասախոսությամբ հանդես են եկել ազգագրագետներ Լևոն Աբրահամյանը և Հարություն Մարությանը:
Ղարաբաղյան շարժման 29-րդ տարեդարձի նախօրյակին ազգագրագետները համալսարանականներին են ներկայացրել իրենց համատեղ աշխատանքի արդյունքները, որոնք ի մի են բերել «Ղարաբաղ-Հայաստան փոխհարաբերությունները շարժման պատկերագրության մեջ» խորագրի ներքո:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ, պ.գ.դ. Հ. Մարությանը տեսապատկերների միջոցով ներկաների ուշադրությանն է ներկայացրել շարժման օրերին երևանյան ցույցերի պաստառներն ու վերլուծել դրանց բովանդակությունը:
«Հայ ժողովուրդն արձագանքում էր ղարաբաղյան իրադարձություններին և արձագանքման համար լավագույն ձևը նաև, մեր կարծիքով, դա պատկերագրական նյութն էր, որը ստեղծվեց ղարաբաղյան շարժման ընթացքում: Ասվածն իր լավագույն դրսևորումն էր գտնում այն բոլոր պաստառներում, որոնք օգտագործվել են 1988-90 թթ.-ին՝ Հայաստանում կազմակերպված ցույցերի ժամանակ»,- ասել է Հ. Մարությանը:
Ըստ ազգագրագետի` այդ տարիներին ղարաբաղյան շարժման ցուցապաստառների մեջ առանձնանում էին թեմատիկ մի քանի խմբեր՝ հայերի ցեղասպանություն և սումգայիթյան ոճրագործություն, դրանց հետ կապված զարգացումներ, վերաբերմունքը կենտրոնի՝ ԽՍՀՄ ղեկավարության և խորհրդային կարգերի, ԽՄԿԿ-ի և նրա քաղաքականության հանդեպ, բյուրոկրատիայի քննադատություն, ազգերի ինքնորոշման իրավունք, պանիսլամիզմ և պանթուրքիզմ, Հայաստանի անկախություն, վերամիավորում և այլն:
Հ. Մարությանը վերոնշյալ թեմատիկ խմբերին անդրադառնալիս զուգահեռաբար նաև պատկերագրական հետաքրքիր նյութեր էր ցուցադրում: Այսպես, ցուցապաստառներում գերիշխող էին «Ղարաբաղը մերն է», «Միացում», «Հայե´ր, միացե´ք», «Մեկ ազգ, մեկ հանրապետություն», «Արցախն անհապաղ վերամիավորել Հայաստանին» և նման այլ գրությունները: Կարելի էր հանդիպել նաև զավեշտական բնույթի գրությունների՝ «Ղարաբաղ, չվախենաս, Հակոբիկը քեզ հետ է» և այլն:
«Այսպիսի գրությունները, որոնք իրենց մեջ ամփոփում են այդ օրերի բոլոր հնարավոր շերտերը, գալիս են ապացուցելու, որ Հայաստանը փաստացի սնում էր ղարաբաղյան շարժումը»,- նշել է Լ. Աբրահամյանը: