«ՂԱՐԱԲԱՂ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

21.02

2017

 

IMG 8032   IMG 8056

IMG 8044    IMG 8061

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում փետրվարի 17-ին ԱրՊՀ-ում ղարաբաղյան շարժման պատկերագրության վերաբերյալ դասախոսությամբ հանդես են եկել ազգագրագետներ Լևոն Աբրահամյանը և Հարություն Մարությանը:

Ղարաբաղյան շարժման 29-րդ տարեդարձի նախօրյակին ազգագրագետները համալսարանականներին են ներկայացրել իրենց համատեղ աշխատանքի արդյունքները, որոնք ի մի են բերել «Ղարաբաղ-Հայաստան փոխհարաբերությունները  շարժման պատկերագրության մեջ» խորագրի ներքո:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ, պ.գ.դ. Հ. Մարությանը տեսապատկերների միջոցով ներկաների ուշադրությանն է ներկայացրել շարժման օրերին երևանյան ցույցերի պաստառներն ու վերլուծել դրանց բովանդակությունը:

«Հայ ժողովուրդն արձագանքում էր ղարաբաղյան իրադարձություններին և արձագանքման համար լավագույն ձևը նաև, մեր կարծիքով, դա պատկերագրական նյութն էր, որը ստեղծվեց ղարաբաղյան շարժման ընթացքում: Ասվածն իր լավագույն դրսևորումն էր գտնում այն բոլոր պաստառներում, որոնք օգտագործվել են 1988-90 թթ.-ին՝ Հայաստանում կազմակերպված ցույցերի ժամանակ»,- ասել է Հ. Մարությանը:

Ըստ ազգագրագետի` այդ տարիներին ղարաբաղյան շարժման ցուցապաստառների մեջ առանձնանում էին թեմատիկ մի քանի խմբեր՝ հայերի ցեղասպանություն և սումգայիթյան ոճրագործություն, դրանց հետ կապված զարգացումներ, վերաբերմունքը կենտրոնի՝ ԽՍՀՄ ղեկավարության և խորհրդային կարգերի,  ԽՄԿԿ-ի և նրա քաղաքականության հանդեպ, բյուրոկրատիայի քննադատություն, ազգերի ինքնորոշման իրավունք, պանիսլամիզմ և պանթուրքիզմ, Հայաստանի անկախություն, վերամիավորում և այլն:

Հ. Մարությանը վերոնշյալ թեմատիկ խմբերին անդրադառնալիս զուգահեռաբար նաև պատկերագրական հետաքրքիր նյութեր էր ցուցադրում: Այսպես, ցուցապաստառներում գերիշխող էին «Ղարաբաղը մերն է», «Միացում», «Հայե´ր, միացե´ք», «Մեկ ազգ, մեկ հանրապետություն», «Արցախն անհապաղ վերամիավորել Հայաստանին»  և նման այլ գրությունները: Կարելի էր հանդիպել նաև զավեշտական բնույթի գրությունների՝ «Ղարաբաղ, չվախենաս, Հակոբիկը քեզ հետ է» և այլն:

«Այսպիսի գրությունները, որոնք իրենց մեջ ամփոփում են այդ օրերի բոլոր հնարավոր շերտերը, գալիս են ապացուցելու, որ Հայաստանը փաստացի սնում էր ղարաբաղյան շարժումը»,- նշել է Լ. Աբրահամյանը: