Արցախի պետական համալսարան

 

IMG 8371   IMG 8383

IMG 8385    IMG 8362

Փետրվարի 21-ին ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ և բաժնի ուսանողների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր մայրենիի միջազգային օրվան:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԿԳՍ նախարարության լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանը, ռեկտորատի անդամներ, համալսարանականներ, հյուրեր:

Հանդես գալով բացման խոսքով՝ ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նունե Խաչատրյանը անդրադարձել է տոնի պատմությանն ու խորհրդին, ապա կոչ արել պահել և պահպանել մայրենին, քանզի լեզվի նկատմամբ ունեցած վերաբերմունքով է չափվում ազգի բարոյական նկարագիրը:

«Հայրենիքի ուրացումը սկսվում է մայրենիի ուրացումից, ուստի բոլորս պարտավոր ենք ամուր պահել մեր գոյության միակ անդավաճան երաշխիքը ոչ միայն սահմանին, այլև՝ թիկունքում՝ մեր ամենօրյա աշխատանքով»,- հավելել է Ն. Խաչատրյանը:

Տոնի կապակցությամբ մայրենի լեզուն անաղարտ պահելու գործում ունեցած ավանդի համար տեսչության կողմից պարգևատրվել են հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նունե Խաչատրյանը և ավագ դասախոս Վեհանուշ Սարգսյանը: Լեզվի տեսչության պետը խորհրդանշական նվերներ է հանձնել նաև ռեկտոր Մ. Մինասյանին և ամբիոնին:

«Տպավորություն է ստեղծվում, թե մայրենիի պահպանության և պաշտպանության գործը միայն համապատասխան գերատեսչությունների պարտականությունների շարքից է, այնինչ լեզվի խնամքը յուրաքանչյուրիս պարտքն է: Այսօր համալսարանը՝ ի դեմս հայոց  լեզվի ամբիոնի և ուսանողների, մեկ անգամ ևս ապացուցեց, որ մեր մայրենին ապահով ձեռքերում է»,- ասել է Ա. Ղուլյանը:

Միջոցառման ընթացքում հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանողները հանդես են եկել ասմունքով, պարային և երաժշտական կատարումներով: