Արցախի պետական համալսարան

 

IMG 8518   7

1   IMG 8504

Փետրվարի 23-ին ԱրՊՀ մեծ դահլիճում թևածում էր ռազմահայրենասիրական երգի հաղթական շունչը: Համալսարանականները մեծ շուքով նշել են հայրենյաց պաշտպանի օրը:

Շնորհավորելով օրվա առթիվ՝ ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը կարևորել է օրվա խորհուրդն ու նշանակությունը:

«Հանրության մեջ մտայնություն կա, որ փետրվարի 23-ը տղաների տոնն է, սակայն հայրենիքի պաշտպանի օրը յուրաքանչյուր հայ քաղաքացու տոնն է։ Առավել ևս մեր դեպքում, երբ ապրում ենք աշխարհաքաղաքական նման իրավիճակում՝ նման հակառակորդի հարևանությամբ»,- նշել է Վ. Յարամիշյանը:

ԱրՊՀ ղեկավարությունը, մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ուսման բնագավառում և հասարակական աշխատանքներում աչքի ընկնող ուսանողներին, հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ և ապրիլյան պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության համար խրախուսել է մի շարք ուսանողների, ովքեր պարգևատրվել են ռեկտոր Մանուշ Մինասյանի կողմից:

Շնորհավորանքի խոսքում ռեկտորը նշել է, որ հայրենյաց պաշտպանի օրն ավելի քան արդիական է մեր օրերում՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, երբ հարևան երկրի անկանխատեսելի վարքագիծը պարտադրում է բոլորիս պատրաստ լինել արտակարգ իրավիճակների:

«Չնշանավորել նման օրերը և այն իբրև առիթ չծառայեցնել` հերթական անգամ երախտագիտության խոսք ասելու մեր հայրենիքի պաշտպաններին, չկարևորելու նրանց դերն ու նշանակությունը, ճիշտ չէր լինի: Խոնարհվում ենք հայրենյաց պաշտպաններ ծնած մայրերի առջև»,- ասել է Մ. Մինասյանը:

Միջոցառման երկրորդ մասում կազմակերպվել էր երաժշտական խաղ-մրցույթ, որի ընթացքում իրենց երաժշտական իմացություններն էին ստուգում հինգ ֆակուլտետների թիմերը:

Պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել տնտեսագիտական ֆակուլտետի «Նեմեսիս» թիմը, որի անդամներն  արժանացել են խրախուսական նվերների:

Միջոցառման երաշժտական մասը ապահովել է ՊԲ «Ասպետ» համույթը, որը ևս համալսարանի ղեկավարության կողմից արժանացել է շնորհակալագրի:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի կողմից նկարահանված ապրիլյան պատերազմին մասնակցած ԱրՊՀ ուսանողների մասին պատմող «Խիզախում. պատերազմը ԱրՊՀ ուսանողի աչքերով» կարճամետրաժ ֆիլմը:

3