Արցախի պետական համալսարան

bakur  IMG 8739

IMG 8738   IMG 8747

Փետրվարի 27-ին  ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ  ԱրՊՀ մի խումբ  ուսանողների և դասախոսների հետ հանդիպում է ունեցել գրող, հրապարակախոս, լրագրող Բակուր Կարապետյանը, ով ներկայացրել է Սումգայիթյան ոճրագործությունների մասին պատմող իր նկարահանած ֆիլմը: 

Նշենք, որ 1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և բռնություններով: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ներկայացնելով հյուրին, ընդգծել է նրա դերակատարությունը հատկապես շարժման տարիներին. «Սումգայիթյան դեպքերից ընդամենը մեկ ամիս անց Բ. Կարապետյանը Սումգայիթում էր՝ ականատեսի աչքերով աշխարհին ներկայացնելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներց հերթականը: Նա այն եզակիներից էր, ովքեր թշնամու երախը մտան և դարձան պատմության վավերագիրը»:

Նախքան հեղինակը կպատմեր այն  օրերի մասին` ցուցադրվեց Սումգայիթյան եղեռնագործությունների ականատեսների պատմածների հիման վրա նկարահանված  ֆիլմ: Ֆիլմում վկայություն են տալիս ոչ միայն ականատեսները, ովքեր տեսել են հարյուրավոր հայերի խոշտանգումները, այլև անձամբ այդ դաժանություններն իրենց մաշկի վրա զգացած  մարդիկ:

Ֆիլմից հետո ծավալված քննարկումից անցում կատարելով գրական գործունեությանը՝ Բ. Կարապետյանը ներկաներին պատմել է գրական-գեղարվեստական  իր մի շարք ստեղծագործությունների մտահղացման և գաղափարների մասին, մանրամասնել վերջերս հրատարակված «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի ստեղծագործական ընթացքից:

Գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանը, ով քաջածանոթ է հեղինակի գրական և լրագրողական գործունեությանը, Սումգայիթյան դեպքերի վավերագրության ստեղծումը խիզախում է համարել:

«Այն, ինչ արվել է ձեր կողմից նման պայմաններում, ոչ այլ ինչ է, եթե ոչ խիզախում: Այսօր մենք, իսկ վաղը սերունդները երախտապարտ են լինելու ձեզ հայոց պատմության արյունոտ էջերից մեկի վավերագրության համար»,- ասել է Զ. Բալայանը: