Արցախի պետական համալսարան

 

IMG 9159   IMG 9168

IMG 9212   IMG 9207

Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը, որն ընդունված է համարել կանանց տոնի միամսյակ, լավագույն հնարավորությունն է և առիթը` ըստ արժանվույն գնահատելու և մեծարելու կնոջը:

Հայ կինը աշխարհի մյուս կանանցից առանձնանում է նախևառաջ իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ: Հայ կինն է, որ, լինելով օջախի պահապան, նաև հայրենիքի համար մղվող պայքարում իր ուժերը չի խնայել`  Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ, ֆիդայական շարժումից մինչև Ապրիլյան քառօրյա, հայապահպանության պայքարից մինչև այսօրվա Արցախի կերտում:

Պատմության տարբեր հոլովույթներում նա մարտնչեց, պայքարեց, բայց և ապրեց: Ապրեց, որ ապրեցնի...

Արցախի պետական համալսարանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տոնի նախօրյակին անկակնկալ է մատուցվել. տղաները, շրջելով համալսարանի ստորաբաժանումներով և լսարաններով, ծաղիկներ են նվիրել կանանց և աղջիկներին ու բարեմաղթանքներ հղել:

ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհավորանքի խոսքում նշել է. «Կանանց միամսյակի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին: Մաղթում եմ անափ երջանկություն, հարատև խաղաղություն և անսպառ ժպիտներ, թող մշտապես և ամենուր կինը լինի սիրված և գնահատված»:

«Սիրելի´ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ համայն աշխարհի, սրտանց շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ ժպիտներ, ջերմություն, նպատակների և երազանքների իրականացում: Թող Ձեր սիրելի մարդկանց միշտ ժպտա բախտը, քանի որ եթե Ձեր սիրելիները երջանիկ լինեն, երջանիկ կլինեք և Դուք»,- շնորհավորել է բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանի շնորհավորանքի խոսքում ասվում է. «Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի և անձամբ իմ անունից բոլոր կանանց ու աղջիկներին շնորհավորում եմ գարնանային տոների կապակցությամբ:  Ցանկանում եմ բոլորին քաջառողջություն, հաջողություն, սեր և ջերմություն: Թող մեր կանայք և աղջիկները շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել մեր  ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին»:

«Սիրելի´ կանայք և աղջիկներ, թող երջանկությունը ապրի ձեր սրտերում, թող միշտ գարուններ լինեն ձեր կյանքում,թող խաղաղությունն ու հաջողությունը  ուղեկից լինեն  բոլորիդ»,- շնորհավորել և բարեմաղթել է հրատարակչության պետ Եղիշե Առուշանյանը:

Պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանն էլ մարտի 8-ի առթիվ ԱրՊՀ կանանց և աղջիկներին բանաստեղծություն է ձոնել.

Մայր օջախի խելոք կանայք

Եվ աղջիկներ քաղցր ու շենշող

Այս մեծ տոնին՝ ձեզ ծով բերկրանք

Ու խաղաղ կյանք՝ արևաշող:

Մարտ է, բացվեք ձնծաղկի պես,

Մանուշակի նման բուրեք,

Դուք ազատ եք աստղերի պես,

Ձեր սերերին ջերմ համբուրեք:

Աղջիկներն էլ մեր հեզանազ

Կրթության հետ թող սեր գտնեն,

Ու նորակերտ ընտանիքով

Մայր Արցախում նոր կյանք մտնեն:

Ամեն մի տուն ծաղկով բուրի,

Սեղանները լինեն առատ,

Աշխարհը թող մեզ նախանձի,

Մեզ պես լինի միշտ անարատ: