Արցախի պետական համալսարան

IMG 9392    IMG 9398

IMG 9399    IMG 9440

Մարտի 9-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի քաղաքագիտության մասնագիտության ուսանողները կանանց տոնական միամսյակին նվիրված միջոցառում էին կազմակերպել` «Սիրել նշանակում է մարդ լինել» խորագրով: Միջոցառումը, որը ժամանցային բնույթի ինտելեկտուալ խաղ-մրցույթ էր, նախաձեռնել էր ամբիոնի վարիչ, փ. գ. թ., դոցենտ Աննա Հակոբյանը: Խաղ-մրցույթի ընթացքում հնչած հարցերն ընդգրկում էին տարբեր ոլորտներ` քաղաքականություն, գրականություն, երաժշտություն, կային նաև ուսանողների ստեղծագործական ընդունակությունները բացահայտող հարցեր: Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան նաև ասմունքով ու երաժշտական կատարումներով:

Առաջին հայացքից իրարամերժ թվացող սեր և քաղաքականություն հասկացությունները ուսանողների պատրաստած ելույթներում  բացահայտում էին պատմության ընթացքում  քաղաքականության վրա ունեցած նշանավոր դեմքերի սիրային պատմությունների ազդեցությունները:

Միջոցառմանը ներկա դասախոսներին ևս հնարավորություն ընձեռվեց արտահայտելու իրենց մտքերը` սեր երևույթի, ինչպես նաև պատմական ականավոր դեմքերի կյանքում նշանակալից դեր ունեցած մեծ սերերի մասին:

 «Սերը կյանք է, կյանքի իմաստ է, աշխարհայացք է, ընտանիք է, հավերժություն է, սերը կենսաձև է:  Եթե սիրող զույգը չունի նույն աշխարհայացքը, հազիվ թե ունենա իմաստալից կյանք»,-նշել է փ. գ. թ., պրոֆեսոր Շահեն Աբրահամյանը:

Գնահատելով նման միջոցառումների դերը` ամբիոնի վարիչ, փ. գ. թ., դոցենտ  Աննա Հակոբյանը նշել է, որ այդ ձևաչափով միջոցառումները նպաստում են ինչպես ուսանողների, այնպես էլ ուսանողների և դասախոսների միջև հանդուրժողականության, փոխըմբռնման  միջավայր ստեղծելուն:

«Մեր նպատակն է եղել նորովի մոտենալ համալսարանական միջոցառումներին,  դուրս գալ կարծրատիպերից, ինչպես նաև նոր գույներ հաղորդել ուսանողական առօրյային` դարձնելով այն հուզական և զգացմունքային` ինտելեկտուալից  բացի»,-իր խոսքում նշել է Ա. Հակոբյանը: