Արցախի պետական համալսարան

IMG 9679  IMG 9779

IMG 9770   IMG 9744

Մարտի 18-ին ԱրՊՀ է այցելել Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Այցելության ընթացքում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գործընկեր բուհը օժանդակելու է  ԱրՊՀ-ին մասնագետների պատրաստման գործում:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԱԺ խոսնակ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, ԱրՊՀ և ԵՊՀ ռեկտորներ Մանուշ Մինասյանը և Արամ Սիմոնյանը, երկու համալսարանների պատմության և իրավագիտության ֆակուլտետների ղեկավար կազմը, համալսարանականներ:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը իր երախտագիտությունն է հայտնել ԵՊՀ ղեկավարությանը Արցախի և Արցախի մայր բուհի նկատմամբ ունեցած ուշադրության և հոգատարության համար: Այս առումով ռեկտորը պատահական չի համարում Ա. Սիմոնյանի պարգևատրումը ԱՀ նախագահի կողմից:

«ԵՊՀ-ի հետ համագործակցությունը ԱրՊՀ-ի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի: Հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի գործընկերային հարաբերություններն ընդգրկում են մեր գործունեության բոլոր ոլորտները: Այսօր մեր համագործակցությունը բովանդակային նոր ձև է ստանում: Համագործակցության առավել առարկայական եզրեր այս անգամ ստեղծվում են իրավագիտություն մասնագիտության շրջանակներում, որի հաջողության դափնիները վերագրվում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին»,- ասել է Մ. Մինասյանը:

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, կարևորելով ԱրՊՀ-ի հետ համագործակցությունը, նշել է, որ, չնայած ԵՊՀ-ն ձգտում է  լինել համահայկական առաջատար բուհ իր արտաքին կապերով, միաժամանակ կարևորում է նաև ներքին գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ ԱրՊՀ-ի հետ:

«Այս պայմանագրով սկիզբ կդրվի բարեբեր գործունեության, որի արդյունքում ԱրՊՀ-ն կդառնա համապատասխան կադրերի պատրաստման դարբնոց՝ այդպիսով բավարարելով հանրապետության կադրային պահանջը»,- ողջունելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությունը՝ ասել է Ա. Սիմոնյանը:

Ծրագրի նախաձեռնողներից և նախանձախնդիրներից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն իր խոսքում նշել է, որ ամիսներ առաջ ծնված գաղափարը իրավական ձևակերպում է  ստանում երկու բուհերի շահագրգիռ գործունեության արդյունքում:

Խոսելով հուշագրի մասին՝ Գ. Ղազինյանը նշել է, որ ծրագիրը ենթադրում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ԱրՊՀ համապատասխան ամբիոնի սերտ համագործակցություն, ինչը հնարավորություն կտա օգտագործել ԵՊՀ հնարավորությունները Արցախում իրավագիտություն մասնագիտության կայացման և զարգացման համար. «Աշխարհի յուրաքանչյուր վայրում գտնվող հայ ցանկություն ունի որևէ ձևով օժանդակելու Արցախի կայացմանն ու զարգացմանը: Հուշագիրը երկարաժամկետ ծրագիր է: Ցանկացած միջոցառում, որը կկազմակերպվի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար, ԱրՊՀ-ն կմասնակցի:Մենք վճռական են ծրագրի հաջողության հարցում և վստահեցնում ենք, որ ֆակուլտետն ամեն ինչ կանի, որպեսզի  ծրագիրն իրականացվի»:

ԱրՊՀ կյանքում հերթական կարևոր քայլի մասին խոսելիս ԱՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը կարևորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությունը:

«Երկու բուհերի միջև համագործակցության այսպիսի խորությունը բովանդակային նոր լիցք է հաղորդելու գործընկերային հարաբերություններին»,-համոզմունք է հայտնել Ա. Ղուլյանը և հավելել, որ Արցախի ամենամեծ ռեսուրսը երիտասարդությունն է, որի ներուժի ճիշտ ուղղորդմանը կնպաստի նաև ստորագրված հուշագիրը: Հուշագրի ստորագրումից հետո միմյանց խորհրդանշական նվերներ են հանձնել ԱրՊՀ և ԵՊՀ ռեկտորները: