Արցախի պետական համալսարան

 

IMG 7894   IMG 6660

IMG 6720   IMG 6721

Մարտի 18-ին Արցախի պետական համալսարանի ուսանողները Երևանի պետական համալսարանի մի շարք ուսանողների հետ այցելեցին պաշտպանական զորամաս: Միջոցառումը նվիրված էր Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակին: Հերոսը մարտնչել և զոհվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում:

Նրա անցած մարտական ուղին հիշում և պատմում է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով նույնպես Ազգալդյանի ջոկատից է եղել. «Լեոնիդն ասում էր՝ եթե տեսնեք անզեն մարդ, չկրակեք, թողեք գնա: Լեոնիդի զինվորը նժդեհյան զինվոր էր. նա չէր կարող սպանել անզեն մարդուն: Ինչ վերաբերում է «Սա Հայաստան է և… վե՛րջ» արտահայտությանը, երևի թե հայոց շատ պատմական վայրեր կարոտ մնացին Լեոնիդի այդ վճռական խոսքին: Դեռևս շատ բնակավայրեր և պատմական սրբություններ կան, որոնք կուզենային այդ խոսքը լսել նման զորավարից»:

Այցելության ընթացքում ուսանողները ծանոթացան բանակային կյանքին, զինվորների առօրյային, ապա համալսարանականների կողմից անցկացվեց միջոցառում, որի ժամանակ հնչեցին հայրենասիրական երգեր, եղան պարային կատարումներ: Այցելությունը հնարավորություն ընձեռեց նաև ավելի սերտ շփվելու զինվորների հետ: Ուսանողների հետ ունեցած զրույցի ընթացքում զինվորները նշեցին, որ այսպիսի այցելությունները հաճելի և ոգևորիչ լիցք են հաղորդում բանակային առօրյային: Նրանք վստահեցրին նաև, որ մարտական ոգին բարձր է և պատրաստ են ծառայելու այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի:

Մարիա Միրզախանյան

ՏՄՄ 1-ին կուրս