Արցախի պետական համալսարան

IMG 9838   IMG 9842

IMG 9825   IMG 9824

Օրերս ԱրՊՀ պատմության ամբիոնի և հայագիտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էին գիտական ընթերցումներ՝ նվիրված հայ ազգային-ազատագրական գործիչ Նիկոլ Դումանի 150-ամյակին:

 

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ և ԵՊՀ ռեկտորներ Մանուշ Մինասյանը և Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատվիրակության անդամներ, համալսարանականներ:

Հանդես գալով բացման խոսքով՝ ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը կարևորել է նշանավոր գործիչներին նվիրված միջոցառումների կազմակերպումը:

«Պատմությունը ժողովրդի հիշողությունն է, որի էջերում տեղ են գտնում ազգի նշանավոր գործիչները, ուստի չափազանց կարևոր ենք համարում ամենատարբեր ձևաչափերով անդրադարձը նրանց կյանքին և գործին»,- հավելել է ռեկտորը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ընթերցումներին հանդես է եկել «Նիկոլ Դումանի կյանքը և գործունեությունը» զեկույցով՝ ներկայացնելով Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանի կենսագրության հետաքրքիր և գործունեության կարևոր դրվագներ:

ԱրՊՀ պատմության բաժնի ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձել են ազգային-ազատագրական պայքարում, Խանասորի արշավանքում և Բաքվի ինքնապաշտպանական մարտերում ունեցած Նիկոլ Դումանի դերակատարությանը, պատմաքննական վերլուծության ենթարկել նրա կերպարը Արցախում 1905-1906 թթ. թաթարա-հայկական ընդհարումների համատեքստում:

Միջոցառումն ավարտվել է «Նիկոլ Դուման» փաստավավերագրական ֆիլմի դիտումով: