Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 8-ին Արցախի պետական համալսարան է այցելել Ամերիկայի հայ փաստաբանների միության անդամ, Լոս Անջելեսի առաջին ատյանի վերահսկող փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, դոկտոր Զեփյուռ Սիմոնյանը և «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար հանդես եկել դասախոսությամբ: Դասախոսությունը վերաբերում էր իրավաբանական գրագրությանը, որի շրջանակում բանախոսը ներկայացրել է հիմնականում IRAC համակարգի կիրառման առանձնահատկությունները ԱՄՆ-ում: Զ. Սիմոնյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:
Հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 8-ին Արցախի պետական համալսարանում հանդիպել է Արցախում գործող բուհերի ուսանողության հետ, խոսել Արցախ այցելելու իր նպատակների ու անելիքների մասին, պատասխանել երիտասարդությանը հետաքրքրող հարցերին։
ԱրՊՀ-ում շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի շրջանակում համալսարանի առաջին կուրսերի ուսանողներին համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացնում են ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բուհում գործող կանոնակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման, քննաշրջանի, կրեդիտների, ՄՈԳ-ի հաշվարկման, էլեկտրոնային ուսուցման հարթակի և համալսարանին վերաբերող այլ հարցերի մասին տեղեկատվություն:
Հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 7-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Ողջունելով Ռուբեն Վարդանյանին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան ԱրՊՀ այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար.«Մեծ սիրով ենք ընդունել Արցախ տեղափոխվելու Ձեր որոշումը։ Ողջունում և շնորհակալություն ենք հայտնում, որ այստեղ եք»։
2022-2023 ուստարվա ԱրՊՀ առաջին կուրսեցիների համար մեկնարկել է «Իրազեկ ուսանող» ծրագիրը: Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 7-ին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ստորաբաժանումների պատասխանատուներ, ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարներ հանդիպել են բնագիտական ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողների հետ և անց կացրել իրազեկման աշխատանքներ:
Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմահազարանոց երթ դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացել է հանրահավաք։ Երթին և հանրահավաքին իրենց մասնակցությունն են ունեցել ԱրՊՀ ուսանողներն ու դասախոսները՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Նոր ուսումնականը Արցախի պետական համալսարանում մեկնարկեց հիմնանորոգված մասնաշենքում: Ուստարին, ավանդույթի համաձայն, սկսվեց Անկախության դասով, որին ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը, «Պահեստազորի սպաներ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների:
Հարգելի´ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ԱՀ Անկախության հռչակման, Գիտելիքի և դպրության օրերի առթիվ։ Յուրաքանչյուր սերունդ ունենում է իր բաժին ձեռքբերումներն ու կորուստները, հաջողություններն ու ձախողումները: Ուզում եմ, որ երբեք չընկրկենք դժվարությունների առջև, կորուստներից չկոտրվենք, մեր մեջ ուժ գտնենք, մեր աշխատանքով, մեր միասնականությամբ, մեր համազգային նպատակների շուրջ համախմբվելով, միմյանց սատարելով՝ շարժվենք առաջ դեպի մեր նպատակները՝ ուսանողը սովորելով, դասախոսը՝ ուսուցանելով, և մեր բոլոր գործերում գերակա պահենք Արցախում ապրելու և Արցախը ապրեցնելու սկզբունքը: Այս վեհ գաղափարի նվիրյալներն էին նաև մեր անմահացած հերոսները, մեր այն ուսանող-ազատամարտիկները, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության չխնայեցին անգամ իրենց կյանքերը: Հավերժ փառք և խոնարհում նրանց:
ԱրՊՀ հանրակացարանում 2022-2023 ուստարում բնակվելու համար դիմում ներկայացրած 63 ուսանողներից օգոստոսի 30-ի դրությամբ սենյակներով ապահովվել են 60 ուսանողներ, ովքեր սովորում են ԱրՊՀ-ում և այլ ուսումնական հաստատություններում: Այս մասին տեղեկացրել է ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուսլան Ավետիսյանը: Նրա խոսքով` հանրակացարանում բնակվել ցանկացող ուսանողների կեցության հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են ԱրՊՀ ՎԱԳ պրոռեկտոր Ռուսլան Ավետիսյանը, ՈՒՀՏԱ և Կ բաժնի աշխատակից Լիլիթ Մարգարյանը, ավագ հաշվապահ Լուսինե Աբրահամյանը, հանրակացարանի պարետ Անահիտ Հայրիյանը: Հանձնաժողովի աշխատանքը եղել է հագեցած՝ համաձայն ԱրՊՀ համապատասխան կանոնակարգի:
ԱրՊՀ-ում նոր ուսումնականը կմեկնարկի հիմնանորոգված նոր մասնաշենքում: Նոր մասնաշենքում առայժմ տեղակայվել են բանասիրական և տնտեսագիտական ֆակուլտետները, մի շարք կենտրոններ, սակայն ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում շենքի կահավորման ուղղությամբ, առաջիկայում կահավորման և անհրաժեշտ սարքավորումների տեղակայման աշխատանքների ավարտից հետո հիմնանորոգված մասնաշենք կտեղափոխվեն նաև այլ ֆակուլտետներ ու ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացրել է ռեկտոր Արմեն Սարգսյանը գիտական խորհրդի նիստում: