Արցախի պետական համալսարան
Ապրիլի 27-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Հայոց լեզու» առարկայից, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանում սովորող մոտ երկու տասնյակ աշակերտներ: Օլիմպիադայի նախաձեռնող դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Խաչատրյանի խոսքով՝ օլիմպիադայի նպատակն է նպաստել հայոց լեզուն անաղարտ պահելուն, մայրենի լեզվի հանդեպ սերն ու հետաքրքրությունն ավելացնելուն և բուհ-դպրոց կապն ամրապնդելուն։
Ապրիլի 27-ին, ԱրՊՀ-ում տեղի է ունեցել «Արդի պայմաններում կրթության ոլորտում հոգեբանական աշխատանքի առաջնահերթ ուղղությունները» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցում էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդականներ, ԿԳՄՍ նախարարության, դպրոցների ներկայացուցիչներ, հոգեբան մասնագետներ տարբեր կառույցներից, համալսարանականներ։
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում, որը վերաբերում էր «Տուրետի» համախտանիշին ու դրա մասին գիտելիքների տարածմանը հոգեբանություն ուսումնասիրող ուսանողների շրջանում։ Հոգեբանական կենտրոնի և «Հոգեբանություն» 3֊րդ կուրսի հետ համատեղ ներկայացվել է համախտանիշի էությունը, այնուհետև կազմակերպվել է ֆիլմի դիտում և քննարկումներ՝ ինչպես հասարակական վերաբերմունքի, կարծիքի, այնպես էլ տարբեր համախտանիշներ ունեցող մարդկանց սոցիալիզացիայի մասին։
Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է բաց դասախոսություն՝ «Պայքար երջանկության համար» թեմայով։ Դասախոսությունը վարել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը։ Ներկա էին ուսանողներ և բուհի աշխատակիցներ։ Թեմայի ընտրությունը պայմանավորված էր ժամանակակից աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրների համատեքստում անձի հոգեբանական վիճակի, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների նախանշման անհրաժեշտությամբ։
Ապրիլի 26-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեման արտասահմանյան գրականության մեջ․ հիշողությունը՝ որպես ինքնության հենասյուն» խորագրով միջամբիոնային գիտաճանաչողական սեմինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-ամյակին։ Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրվարդ Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարին գիտական զեկուցումներով հանդես են եկել բանասիրական ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսներ, թեմայի վերաբերյալ ելույթներ ունեցել ուսանողներ։
Ապրիլի 24-ին հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հարգանքի տուրք են մատուցել նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը:  
Ապրիլի 23-ին, Ստեփանակերտում կայացել է ջահերթ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Ջահերթին մասնակցել են ԱրՊՀ ռեկտորը, դասախոսներ և ուսանողներ։ Սուրբ Հակոբ եկեղեցում անց է կացվել հսկման և խոկման արարողություն, այնուհետև Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և եկեղեցու հավատավորները հնչեցրել են միասնական աղոթք։ Միասնական աղոթքից հետո ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ մեկնարկել է «Զարթնի՛ր, լաո`» խորագրով ջահերթ։ Մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ երկարություն ունեցող դրոշը։
Ապրիլի 23-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում՝ նվիրված հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Ելույթներով հանդես եկան պատմաբան դասախոսները, գիտական զեկուցումներով՝ ուսանողները՝ յուրաքանչյուրն իր թեման կապելով արդի իրավիճակի հետ և անցկացնելով համեմատականներ։
Ամփոփվել են ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ծրագրավորման օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցություն են ունեցել չորս տասնյակից ավելի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ։
Ամփոփվել են ապրիլի 19-ին ԱրՊՀ-ում գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Հայ գրականության պատմություն»-ից կազմակերպված գիտամրցույթի արդյունքները։ Մրցույթին մասնակցել են բանասիրական ֆակուլտետում սովորող հայ գրականությամբ հետաքրքրված երկու տասնյակ ուսանողներ: Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Օհանջանյանը, 2-րդ տեղը՝ 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Բեգլարյանը, 3-րդ տեղը՝ «Հայոց լեզու և գրականություն» մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Ավանեսյանը։