Արցախի պետական համալսարան
Բնագիտական ֆակուլտետը ապրիլի 20-ին հյուրընկալել է Artsakh Young Minds-ի նախագահ Արտավազդ Բոյաջյանին։ Արցախի Մարտակերտ քաղաքում մայիսի 8-ին Artsakh Young Minds-ի նախաձեռնությամբ կազմակերպվելու է Artsakh Stem Expo-ն, որի հիմնական նպատակն է դպրոցականների և ուսանողների համար ստեղծել հնարավորություն ծանոթանալու գիտական, ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։
Ապրիլի 20-ին ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ծրագրի համալսարանական հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանը։ Ուսանողները ծանոթացել են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաքելությանն ու տեսլականին։ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը առաջարկում է կրթության ոլորտում կարիերա սկսելու հնարավորություն։
  Տարին հոբելյանական է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի համար: Մեծ գրողի 125-ամյակին նվիրված միջոցառումները ԱրՊՀ-ում շարունակվում են: Ապրիլի 20-ին ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ և բուհի բանասիրական ֆակուլտետի ուսանողների ներգրավմամբ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել։
Բնագիտական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դեռ տարեսկզբին մայրաքաղաքի ավագ դպրոցներում անց են կացրել ինտելեկտուալ խաղ-մրցույթներ։ Ապրիլի 20-ին Արցախի մայր բուհը հյուրընկալել է դպրոցների խաղերում հաղթած թիմերին։ Խաղին մասնակցել է 4 թիմ։ Երեք փուլից բաղկացած խաղի առաջին փուլում ստուգել են աշակերտների տրամաբանությունը, երկրորդ փուլում մասնակիցներին սպասվում էր բնագիտական ալիասը, իսկ երրորդ փուլում հարցերի միջոցով աշակերտների հետ փորձեցին բացահայտել Արցախն իր պատմական վայրերով։
Ապրիլի 19-ին ԱրՊՀ-ում գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնը ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպել է ներբուհական մրցույթ՝ «Հայ գրականության պատմություն»-ից։ Մրցույթին մասնակցում են բանասիրական ֆակուլտետում սովորող ուսանողներ, ովքեր հետաքրքրված են հայ գրականությամբ:    
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից:
Սուրբ Զատկի տոնին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, Բերդաշենի համայնքապետարանի և բերդաշենցիների աջակցությամբ ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի սաների ջանքերով համայնքում կազմակերպվել է հայկական ավանդական ուտեստների փառատոն։
Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է։ Այս տարի լրանում է սիրված բանաստեղծի ծննդյան 108-ամյակը։ Օրվա առթիվ «Հայոց լեզու և գրականություն» մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները ուսումնական պլանում ընդգրկված «Համո Սահյանը և պանթեիզմը» դասընթացի շրջանակում դասընթացավար, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Զարինե Սառաջյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին գիտական ընթերցումներ՝ նվիրված Համո Սահյանի պոեզիային։ Ուսանողները հանդես եկան գիտական զեկուցումներով․ Դիանա Բալասանյանը՝ «Համո Սահյան․ կյանքն ու գրական գործունեությունը», Լիլիանա Հայրիյանը՝ «Հայրենիքի, հայրենի տան պատկերը Հ․ Սահյանի պոեզիայում», Աքսաննա Համբարձումյանը՝ «Համո Սահյանը՝ բնապաշտ գրող», Աննա Ավանեսանը՝ «Համո Սահյան և Ակսել Բակունց․ երկու հանճարեղ սյունեցի», Մանե Գաբրիելյանը՝ «Մայրենի լեզվի թեման Համո Սահյանի պոեզիայում» թեմաներով։
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը արդիական հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ հաճախակի է կազմակերպում կլոր սեղան-քննարկումներ: Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 14-ին: «Տարածաշրջանային զարգացումների տնտեսական հետևանքները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էին տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, պետական հատվածում աշխատող տնտեսագետներ, ՀՀ-ից հրավիրված տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյանը, ՀԿ ներկայացուցիչ և ուսանողներ: Քննարկման ընթացքում մասնագետները բարձրաձայնել են աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում առկա և սպասվող մարտահրավերները, նախանշել դրանց դիմագրավելու ուղիները:
Ապրիլի 13-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտաճանաչողական ընթերցումներ` նվիրված Սլավա Սարգսյանի «Արցախի բնակավայրերը» գրքին։ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները գրքից ներկայացրել են իրենց բնակավայրերին վերաբերող հատվածներ, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ, որոնք դեռ անտիպ են: