Արցախի պետական համալսարան
Ապրիլի 13-ին ՀՀ-ից ԱրՊՀ են այցելել ազգագրագետներ, պ.գ.թ., դոցենտ Աշխունջ Պողոսյանը, պ.գ.թ., դոցենտ Սվետլանա Պողոսյանը և Սարդարապատի թանգարանի տնօրեն Հակոբ Մելքոնյանը: Հյուրերը ԱրՊՀ են այցելել պատմաբան, ԱրՊՀ դասախոս, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանի ուղեկցությամբ և հանդիպում ունեցել «Պատմություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների և դասավանդող դասախոսների հետ:
Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ընթացիկ ուստարվա 2-րդ կիսամյակից «Միկրոէկոնոմիկայի հիմունքներ» դասընթացի շրջանակում դասախոսում է ՀՀ-ից հրավիրված դասախոս, տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյանը: Հերթական ընդլայնված դասախոսությունը Սուրեն Պարսյանը ներկայացրել է այսօր՝ ապրիլի 13-ին, որին ներկա էին տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ: Դասախոսության թեման վերաբերում էր բիզնեսի կազմակերպման, բիզնես մտածելակերպի ձևավորմանն ու զարգացմանը, բիզնեսի խոչընդոտներին: Բանախոսի խոսքով՝ դասախոսության հիմնական նպատակն էր ուսանողների շրջանում խրախուսել բիզնես սկսելու ցանկությունը, ունակությունները, քանի որ, նրա կարծիքով, ուսանողների մեծ մասը մտածում է հետագայում աշխատել պետական կառույցներում, շատ քիչ տոկոս են կազմում հետագայում բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողները:
Ապրիլի 7-ից 8-ը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում կազմակերպվել է «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար» խորագրով 11-րդ հանրապետական ուսանողական գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ և ԱՀ բուհերի ուսանողներ: Գիտաժողովին մասնակցել են նաև ԱրՊՀ տարբեր ֆակուլտետներից ուսանողներ:
Ապրիլի 8-ից 9-ը ՀՀ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ՀՌՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Անձի զարգացման արդի հիմնախնդիրները ժամանակակից իրողությունների պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցություն է ունեցել նաև Արցախի պետական համալսարանը:
  Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այս օրերին աշխատանքային այցով ՀՀ-ում էր: Այցի ընթացքում ապրիլի 8-ին Արցախի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև կնքվել է պայմանագիր, որի առարկան կողմերի միջև կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտում համակողմանի համագործակցությունն է՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, դասախոսների և հետազոտողների ակադեմիական փոխանակման, համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի ստորագրման, տեղեկատվական և մշակութային միջոցառումների իրականացման միջոցով։
  ԱրՊՀ ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոս Արմինե Ալեքսանյանի և Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնեանի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Zoom հարթակով կազմակերպվել է առցանց հանդիպում ԱրՊՀ ուսանողության և Չիկագոյի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Ապրիլի 8-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կայացավ միջոցառում՝ «Օտարագիր հայ գրականություն» խորագրով։ Մագիստրատուրայի «Օտարագիր հայ գրականություն» դասընթացի շրջանակում գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, դասընթացավար, բ.գ.թ. Նոնա Դավթյանի նախաձեռնությամբ մագիստրանտ Սոնա Մուսայելյանը տարբեր մասնագիտությունների ուսանողների հետ կազմակերպել է միջոցառումը։ Ներկա էին ֆակուլտետի տարբեր ամբիոններց դասախոսներ, գիտական գրադարանի վարիչը, ուսանողներ։  
Այս օրերին ԱրՊՀ տարբեր ֆակուլտետներում ուսանողների, ֆակուլտետների ղեկավարության փորձուսուցման բաժնի և փորձուսուցման ղեկավարների մասնակցությամբ ամփոփվում են ավարտական խմբերում փետրվարի 7-ից ապրիլի 2-ը կազմակերպված փորձուսուցման արդյունքները: Փորձուսուցման վերաբերյալ հերթական ամփոփ հաշվետվությունը կազմակերպվել է տնտեսագիտության ֆակուլտետում, որի ընթացքում «Ֆինանսներ» և «Կառավարում» մասնագիտության ուսանողները ներկայացրել են փորձուսուցման ընթացքում իրականացված աշխատանքները, ներկաները քննարկել են խնդիրներ և հանդես եկել համապատասխան առաջարկություններով:
ԱրՊՀ-ն մասնակցել է Սամարայի պետական կառավարման համալսարանի կողմից կազմակերպված «Իրավունքը, դրա ապահովումը և պաշտպանությունը տեղեկատվական հասարակության ձևավորման պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի է ունեցել 2022թ․-ի մարտի 31-ին։ ԱրՊՀ-ից համաժողովին հեռավար եղանակով մասնակցել է «Իրավագիտություն» 2-րդ կուրսի ուսանող Արա Սարգսյանը՝ հանդես գալով «Իրավական մշակույթ և անձի իրավագիտակցությունը» թեմայով զեկուցմամբ։ Գիտական զեկուցման ղեկավարն էր իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանը։
ԱրՊՀ ուսումնական պլանի համաձայն  ավարտական կուրսերի 6 մասնագիտական խմբերում նախատեսված 8 շաբաթ տևողությամբ փորձուսուցման շրջանը մոտեցավ ավարտին: Փետրվարի 7-ից մեկնարկած փորձուսուցումը ընթացավ երկու փուլով՝ ուսումնական և արտադրական: Մարտի 31-ին, «Լրագրություն» 4-րդ կուրսի  ուսանողները  հաշվետվությամբ ներկայացրել են փորձուսուցման արդյունքները, որին ներկա էին փորձուսուցման բաժնի, ժուռնալիստիկայի և գրականության ամբիոնի ներկայացուցիչները, «Լրագրություն» մասնագիտությամբ սովորող կրտսեր խմբերի  ուսանողներ: