ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Դեկան` բ.գ.թ., դոցենտ Մարգարյան Լուսինե Գեորգիի
Էլ. հասցե` margaryanlusine06@asu.am
Բանասիրական ֆակուլտետի ռազմավարական ծրագիր
1969թ. Արցախում բարձրագույն կրթական հաստատության հիմնադրման առաջին իսկ օրվանից տարբեր անվանումներով ու կառուցվածքով գործում էր բանասիրական ֆակուլտետը: Ֆակուլտետի առաջին կառույցը ամբիոնի դեր կատարող հայոց լեզվի և գրականության մասնագիտական առարկայական հանձնաժողովն էր, որի նախագահը պրոֆեսոր Գուրգեն Անտոնյանն էր: 1974թ. բուհն ավարտել են առաջին շրջանավարտները՝ Հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ:
1974թ. ձևավորվել են առաջին ամբիոնները՝ հայոց լեզվի և գրականության ու ռուսաց և օտար լեզուների: Հայոց լեզվի և գրականության ամբիոնը 2002թ. վերակազմավորվեց հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ու հայ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնների:
1994թ. ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վերակազմավորման հետևանքով ձևավորվեց ռուսաց լեզվի և գրականության ու օտար լեզուների ամբիոնները:
2000թ. օտար լեզուների ամբիոնը տրոհվեց 2՝ օտար լեզուների և անգլերենի ամբիոնների: 2017թ. գերմաներենի և ֆրանսերենի ամբիոն վերանվանված օտար լեզուների ամբիոնը վերամիավորվեց անգլերենի ամբիոնին՝ վերանվանվելով ռոմանագերմանական լեզուների ամբիոն:
Ֆակուլտետն սկզբնապես անվանված էր պատմաբանասիրական, որի առաջին ղեկավարն էր պ.գ.թ. Ստեփան Վաղարշակի Դադայանը:
1996 թ. ֆակուլտետը վերանվանվել է հումանիտար, որի ղեկավարն էր մ.գ.դ. Գրիշա Համբարձումի Հարությունյանը:
1999թ. հումանիտար ֆակուլտետի հայոց լեզու, ռուսաց լեզու և օտար լեզուների ամբիոնների հիմքի վրա ստեղծվեց բանասիրական ֆակուլտետը, որը ղեկավարում էր բ.գ.թ., դոցենտ Արմեն Յուրիկի Սարգսյանը: 2009թ. բանասիրական ֆակուլտետը տրոհվեց 2 ֆակուլտետների՝ հայ բանասիրության և լրագրության, որի ղեկավարումը շարունակեց Արմեն Յուրիկի Սարգսյանը, և օտար լեզուների ֆակուլտետը, որի ղեկավարությունը ստանձնեց Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը: 2011թ-ից հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի ղեկավար ընտրվեց բ.գ.դ, ԱրՊՀհ պրոֆեսոր Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը:
2014 թվականին հայ բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետները վերամիավորվեցին և ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնեց մ.գ.թ., դոցենտ Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը: 2017թ- ից ֆակուլտետը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Լուսինե Գեորգիի Մարգարյանը:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի առաքելությունը մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, ազգայինն առաջնահերթորեն կարևորող արհեստավարժ բանասեր-մանկավարժի, լրագրողի, թարգմանչի պատրաստումն է:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ֆակուլտետի տեսլականն է՝ բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի ձևավորումը, մատուցվող կրթական ծառայությունների համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշներին:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ֆակուլտետի կրթական գործունեությունը պետք է համահունչ լինի փոփոխվող միջավայրի առաջարկող պայմաններին.
- Մշտապես ուսումնասիրել դասավանդման, ուսումնառության և հետազոտության փոխկապակցման ժամանակակից կրթափորձը՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում կիրառելու նպատակով:
- Մատուցվող կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում հաշվառել ժամանակի կրթական պահանջը և կարևորել ուսանողության կարծիքը.
- Կրթական գործընթացում ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը։
Ֆակուլտետի` մասնագետների պատրաստմանն ուղղված գործունեությունը պետք է նպաստի ուսանողների անձի ստեղծագործական, հոգևոր և ֆիզիկական հնարավորությունների զարգացմանը:
Ֆակուլտետի դաստիարակչական գործունեությունը պետք է ուղղված լինի ուսանողների կողմից ազգային արժեքների կարևորման գիտակցության ամրակայմանը, իրենց իրավունքների և պարտականությունների նկատմամբ գիտակցված վերաբերմունքի ընկալմանն ու համապատասխան վարքի դրսևորմանը:
Բանասիրության ֆակուլտետի շրջանավարտն աներկբա հարգանք պիտի ունենա իր մայրենիի հանդեպ, պետական լեզուն ընդունի որպես ազգային արժեք, հարգի պետական խորհրդանիշները, ազգային ավանդույթները և անհանդուրժող լինի հակասահմանադրական ու հակահասարակական դրսևորումների նկատմամբ:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բակալավրիատ
- Լրագրություն
- Հայոց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու և գրականություն
- Թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն լեզուներ)
Մասնագիտական մանկավարժություն
- Հայոց լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
Լեզվաբանություն
- Թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն լեզուներ)
-Թարգմանչական գործ (ըստ լեզուների)
Լրագրություն
- Լրագրություն
Մագիստրատուրա
Հայոց լեզու և գրականություն
- Հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն
- Հայ գրականության պատմություն
Օտար լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու
- Անգլերեն լեզու
- Ռուս գրականություն
-Ռուսաց լեզու և գրականություն
Լրագրություն
- Լրագրություն
Ֆակուլտետն ունի 4 ամբիոն
Ռոմանագերմանական լեզուների ամբիոն
Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն
Ակ.Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոն
Գրականության և լրագրության ամբիոն