Արցախի պետական համալսարան

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ հաստատություններ) ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման, դոկտորանտուրայի եւ հայցորդության ձեւակերպման հետ կապված հարաբերությունները:
  2. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն վեց ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) հաստատություններից ստացած հայտերի հիման վրա սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում համապատասխան ուսումնական տարվա ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերը եւ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխումը:
  3. Ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում եւ հայցորդության համակարգում սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարող են կարգավորվել տվյալ հաստատության սահմանած կանոնակարգով:

 

 II. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

  1. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:
  2. Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝

1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի եւ դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) օտար լեզու ու ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորվան վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

 3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ տպագրված գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.

4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3x4 չափսի).

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

6) Ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար հաստատության ղեկավարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ հաստատության ղեկավարի կամ տեղակալի նախագահությամբ:

7) Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար հաստատության ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ (այսուհետ՝ հանձնաժողով):

  1. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող երեքից հինգ մասնագետ:
  2. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցմացման ժամանակացույցը հաստատում է հաստատության ղեկավարը եւ տեղեկացնում նախարարությանը:
  3. Հաստատության հայտարարությունների համար նախատեսված վայրում փակցվում եւ (կամ) տեղադրվում է պաշտոնական կայք-էջում մասնագիտական քննության՝

1) անցկացման օրվա, տեղի եւ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը՝ քննության սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ.

2) հարցաշարը՝ մասնագիտական քննությունից առնվազն մեկ ամիս առաջ.

3) ընթացակարգային պահանջները, որոնք հաստատվում են ղեկավարի կողմից:

  1. Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է հաստատության ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից ու ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի եւ (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաեւ ընդունելության մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման գրավոր դրական գրախոսականի կամ գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:
  2. Ստորեւ նշված օտար լեզուներից որեւէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

1) անգլերենից՝ ՙTOEFL՚ (iBT) (այԲիԹի)՝ 46 եւ ՙIELTS՚ (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը.

2) ֆրանսերենից՝ ՙTCF՚ (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը.

3) գերմաներենից՝ ՙon DAF՚ (օն ԴաՖ)՝ 30 միավորը:

  1. Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներեը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
  2. Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհարժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:
  3. Մասնագիտական քննության հարցաշարը, որն ըդնգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, կազմվում է հաստատության մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ հանձնաժողովի կողմից եւ հաստատվում է հաստատության ղեկավարի կողմից:
  4. Մասնագիտական քննությունից երկու աշխատանքային օր առաջ՝ հրապարակված հարցաշարից կազմվում են հարցատոմսեր (առաջադրանքներ), որոնք հաստատվում են հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ եւ հաստատության կնիքով: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերանայվում են:
  5. Ելնելով մասնագիտական առանձնահատկությունից՝ մասնագիտական քննության անցկացման ձեւը (գրավոր կամ բանավոր) սահմանում է ընդունող հանձնաժողովը:
  6. Բանավոր քննությունը ձայնագրվում է, եւ արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ:
  7. Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 միավոր:
  8. Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:
  9. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
  10. Մասնագիտական քննության բողոքարկման ընթացակարգային պահանջներն են՝

1) դիմորդը կարող է մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոքը, որը քննարկվում է նույն օրը.

2) բողոքարկմանը մասնակցում են հաստատության վարչական անձնակազմի (դեկան կամ ուսումնամեթոդական ստորաբաժանման ներկայացուցիչ)՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատողը եւ հաստատության ուսանողական կամ երիտասար գիտնականների խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածությունները նախապես հաստատվում են հաստատության ղեկավարի կողմից.

3) դիմորդի ներկայությամբ ուսումնասիրվում եւ քննարկվում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր քննության դեպքում լսվում է ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների եւ ներգրավված անձանց ձայների պարզ մեծամասնությամբ կայացվում է որոշում՝

ա. գնահատականը թողնել անփոփոխ,

բ. գնահատականը բարձրացնել.

4) ընդունած որոշման վերաբերյալ կազմվում է անձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հաստատության վարչական անձնակազմի, ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցչի եւ դիմորդի կողմից: Նշված անձնանցից որեւէ մեկից ընդունված որոշմանն անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը.

5) գնահատականի փոփոխման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն.

6) Մասնագիտական քննության գնահատականը կարող է բողոքարկվել դատարանում՝ օրենքով սահմանված կարգով:

  1. Մասնագիտական քննության վերահանձնում չի թույլատրվում:
  2. Ասպիրանտուրայի մասնագիտական քննության արդյունքն ուժի մեջ է տվյալ ուսումնական տարվա տվյալ հաստատության ընդունելության քննության ընթացքում:
  3. Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը:
  4. Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետեւյալ ցուցանիշները՝ ըստ հերթականության՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի ընդհանուր միջին որակական գնահատականը.

2) բակալավրի եւ մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականի գումարը.

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը.

 4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):

  1. Ընդունող հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա ընդունում է որոշում յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ:
  2. Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներին իրազեկվում են մասնագիտական քննությունից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Ասպիրանտների հրամանագրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով՝ ասպիրանտի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
  4. Առկա ուսուցման ձեւով եւ անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ՝ ընդունման օրվանից:

 

III. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

  1. Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա (անվճար ու վճարովի հիմունքներով) եւ հեռակա (վճարովի հիմունքով) ձեւերով: Առկա ձեւով ուսուցման տեւողությունը չի գերազանցում երեք տարին, իսկ հեռակա ձեւով՝ չորս տարին:
  2. Ասպիրանտուրայում ուսուցման լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից՝ կրթական եւ հետազոտական:
  3. Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է՝

1) հանձնի ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված քննությունը (քննությունները) եւ ստուգարքը (ստուգարքները) (այդ թվում՝ մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտները, ավարտի ատենախոսությունը եւ համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում.

2) ունենա հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան, գիտական ղեկավար եւ առնվազն 36 ժամ գիտամանկավարժական կամ հետազոտական ծանրաբեռնվածություն:

  1. Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների գիտամանկա վարժական ստաժի մեջ:
  2. Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ ունենալ հինգից ոչ ավելի ասպիրանտ եւ հայցորդ:
  3. Եթե հաստատությունում հնարավոր չէ իրականացնել կրեդիտային համակարգով ներդրված դասընթացները, ապա այդ ուսուցումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել այլ հաստատությունում՝ ուղարկող կազմակերպության միջոցների հաշվին:
  4. Հաստատության սահմանած կարգով ասպիրանտն ըստ աշխատանքային պլանի տարեկան մեկ անգամ ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Բուհի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, կազմակերպության գիտական ստորաբաժանումներում, գիտական (գիտատեխնիկական) խորհրդում պարբերաբար լսվում եւ քննարկվում են ասպիրանտների ու նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները:
  5. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված ատեստավորում չանցած ասպիրանտը հաստատության ղեկավարի հրամանով ազատվում է ասպիրանտուրայից:
  6. Գիտական հետազոտություներ կատարելիս ասպիրանտն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից եւ այլն:
  7. Հաստատությունից հեռացված ասպիրանտը կարող է վերականգնվել ասպիրանտուրայում՝ վճարովի հիմունքով ուսումը շարունակելու համար:
  8. Ատենախոսությունը չպաշտպանած ասպիրանտին իր ցանկությամբ անվճար տրվում է հաստատության կողմից սահմանված ակադեմիական տեղեկանք՝ ասպիրանտի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը հաստատության ղեկավարին ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
  9. Առկա ուսուցմամբ ասպիրանտին ուսման ընթացքում տարեկան տրվում է երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ:
  10. Հաստատության ղեկավարը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանել հավելավճար:
  11. Ասպիրանտների գիտական ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է հաստատության կողմից՝ մեկ ասպիրանտի համար տարեկան 50 ժամ հաշվարկով:
  12. Հաստատության ղեկավարը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ասպիրանտի գիտական ղեկավարի աշխատավարձին հավելավճար սահմանել:

 

ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցող անձ է:
  2. Հաստատություններում հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքով՝ տվյալ հաստատության սահմանած կարգով, որի տեւողությունը չի գերազանցում հինգ տարին:
  3. Հայցորդ ձեւակերպելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի եւ դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ.

3) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3x4 չափսի).

4) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):

  1. Հաստատության սահմանած կարգի համաձայն՝ հայցորդը ձեւակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով, եւ նրա հետ կնքվում է պայմանագիր:
  2. Հայցորդի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից՝ կրթական եւ հետազոտական:
  3. Հայցորդը պետք է հանձնի ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված քննությունը (քննությունները) եւ ստուգարքը (ստուգարքները) (այդ թվում՝ մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը եւ համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում:
  4. Հայցորդը տարեկան մեկ անգամ հաստատության սահմանած կարգով ատեստավորվում է հաստատության ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից:
  5. Գիտական հետազոտություններ կատարելիս հայցորդն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից եւ այլն:
  6. Ատենախոսությունը չպաշտպանած հայցորդին իր ցանկությամբ անվճար տրվում է հաստատության կողմից սահմանված ձեւի ակադեմիական տեղեկանք՝ հաստատության ղեկավարին հայցորդի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
  7. Հաստատության ղեկավարը սահմանված կարգով կարող է կատարել հայցորդի գիտական ղեկավարի վարձատրությունը (տարեկան առնվազն 30 ժամ):