Արցախի պետական համալսարան

 ԱրՊՀ հոգեբանական կենտրոն

Կենտրոնի մասին

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը համալսարանական ստորաբաժանում է, որն ստեղծվել է 2018թ. օգոստոսին` որպես մասնագիտացված հոգեբանական ծառայություններ մատուցող կառույց: Նրա մշտական և ներգրավված աշխատակազմը, ՀՀ ճանաչված մասնագետների աջակցությամբ, իրականացնում է հոգեբանամանկավարժական հետազոտություններ, հոգեթերապևտիկ աշխատանքներ, ուսուցողական թրեյնինգներ` ուսանողների, զինծառայողների, կրթության ոլորտի մասնագետների, բնակչության համար:

Գործունեություն

Կենտրոնում գործում է նախակրթարանը, որը ՀՀ-ում գործող «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի մշակած և համագործակցության շրջանակներում տրամադրած դիագնոստիկ փաթեթի կիրառմամբ իրականացնում է տարբեր  տարիքի երեխաների հոգեկան զարգացման գնահատում,  անհրաժեշտության դեպքում` խորհրդատվություն և հոգեշտկողական աշխատանք: Այցելուների հետ հոգեբանական աշխատանքներն իրականացվում են անհատական և խմբային:

Կենտրոնում անց են կացվում  թրեյնինգներ` ուսուցանելով ինքնավերլուծության, ինքնակարգավորման, ինքնատիրապետման  տեխնիկաներ և հնարքներ, որոնք մասնակիցներին հնարավորություն են տալիս հետագայում կիրառել դրանք առանց մասնագիտական օգնության:

Կենտրոնի գործունեության գլխավոր ուղղությունը ԱրՊՀ ուսանողների գիտահետազոտական և պրակտիկ կարողությունների զարգացումն է, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմատիկայի ձևավորումը և դրանց մշակման գործընթացին աջակցելը: 

Համագործակցություն

 

Կենտրոնն ակտիվ համագործակցում է ք.Երևանում գործող նմանատիպ կենտրոնների հետ, ինչի շնորհիվ դասընթացներն ու թրեյնինգները կազմակերպվում և անց են կացվում  բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ: Պարբերաբար նման թրեյնինգներ են անցկացվել սպա-հոգեբանների, դպրոցների տնօրենների, ուսմասվարների, ՄԿԱԳՏ-երի, դասղեկների, հոգեբանների, հատուկ և սոցիալական մանկավարժների համար:

Մատչելիություն և զարգացում

Կենտրոնի ծառայությունները հիմնականում անվճար են: Ծախսերը փոխհատուցվում են ծրագրային ֆինանսավորմամբ: Մասնակի վճարովի ծառայությունների համար կա զեղչերի ճկուն համակարգ: Կենտրոնում մշակված է զարգացման հստակ ծրագիր, որի շնորհիվ  կիրառվող հոգեախտորոշիչ, հոգեթերապևտիկ միջոց-ռումները և  դասընթացները ապագայում կդառնան ավելի արդյունավետ: Զարգացման գլխավոր ուղղություն է ընտրվել Արցախի շրջկենտրոններում հենակետերի ձևավորումը, ինչի շնորհիվ նախատեսվում է ծառայությունների մատուցումը մատչելի դարձնել շրջաններում ապրող բնակչության  համար:

Կենտրոնն այսօր

   

Մշտական աշխատակազմի և համագործակցող մասնագետների ուժերով Կենտրոնն իրականացնում է հանրային հնչեղություն ունեցող  բազում ծրագրեր, այդ թվում` ՊԲ սպա-հոգեբանների մասնագիտական հավաքներ, աջակցություն Շուշիի երեխաների ցերեկային խնամքի «Շող» համայնքահեն կենտրոնին, կրթության համակարգի մասնագետների վերապատրաստումներ, այցելություններ գիշերօթիկ դպրոցներ, անհատական և խմբային խորհրդատվություններ, բաց դասախոսություններ, թրեյնինգներ և այլն:

Կենտրոնում ձևավորված է աշխատանքային, գործնական ու համագործակցային միջավայր: Շենքային համեստ պայմանները բնավ խոչընդոտ չեն հանդիսանում, որպեսզի կենտրոն հաճախեն դասախոսները և թոթափեն իրենց աշխատանքային հոգնածությունը, իսկ ուսանողները որոնեն ու գտնեն իրենց մասնագիտական հետաքրքրությունների բավարարման հնարավորությունները:

Կենտրոնի յուրաքանչյուր օրն անցնում է նորարարության, ստեղծարար մոտեցումների մշակման մթնոլորտում: Կենտրոնի յուրաքանչյուր հաջորդ օրն իմաստալից է նախորդից:

Տեղեկությունների և խորհրդատվության

համար կարող եք դիմել

ՀԱՍՑԵ`

Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծի 10,

երկրորդ հարկ,

 հոգեբանական կենտրոն

ՀԵՌԱԽՈՍՆԵՐ

(374) 79 94 91 48

 (374)  97 25 06 35

       (374)  97319926

       (374)  97729926

 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

asu.hogkentron@mail.ru

 

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի կանոնադրություն

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի ծրագիր