Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել արիության դաս՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձին և Գիտելիքի ու դպրության օրվան: Դասը վարում էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է ԱՀ հռչակման օրվա առթիվ՝ պետականաշինության գործում ընդգծելով նահատակված հերոս տղաների դերը և իր խոնարհումը բերելով նրանց հիշատակին:
«32 տարի առաջ Արցախը հռչակվեց որպես անկախ հանրապետություն, և մինչ այսօր մենք մաքառում ենք անկախ պետություն ունենալու համար: Եթե այսօր մենք կանք, ապրում ենք Արցախում, դա մեր անկախության շնորհիվ է, մեր այն հերոս տղաների շնորհիվ է, ովքեր հանուն հայրենիքի դարձան հավերժի ճամփորդ: Նրանցից 100-ը մեր համալսարանի ուսանողներ էին: Այս ժամանակավոր դժվարությունները թող ոչ ոքի մոտ թյուր կարծիք չառաջացնեն մեր ընդհանուր նպատակի ու տեսլականի վերաբերյալ, դեպի որը շարժվում ենք»:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, իր և գերատեսչության համակազմի անունից շնորհավորելով ԱՀ հռչակման տարեդարձի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, առաջին կուրսեցիներին՝ նաև ԱրՊՀ ընդունվելու համար, կարևորել է գիտելիքի ու կրթության դերը առկա դժվարությունները հաղթահարելու գործում:
«Հայ ժողովուրդը առանձնակի պատկառանք և պաշտամունք ունի գիտելիքի հանդեպ, որովհետև գիտելիքը հնար է և միջոց ցանկացած դժվար իրավիճակ հաղթահարելու համար: Այսօր Արցախն ապրում է իր գոյության դժվար փուլերից մեկը՝ հայտնվելով ռազմաքաղաքական բարդ իրավիճակում՝ լիակատար շրջափակման մեջ: Բայց չնայած բոլոր դժվարություններին՝ մենք պարտավոր ենք շարունակել կրթական գործընթացը մեր երկրում, իսկ մեր ուսումնառողները պետք է պայքարեն հանուն նոր գիտելիքներ ստանալու, լավ մասնագետներ դառնալու և իրենց ուժն ու եռանդը ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու»,-նշել է նախարարը՝ հորդորելով լինել համախմբված, միասնական, տոկուն և գալիքի հանդեպ հավատով լցված:
«Անկախությունը գերագույն արժեք է: Մենք պետք է այն պահենք, փայփայենք և փոխանցենք հաջորդ սերունդներին, իսկ այդ նպատակին հասնելու նախապայմաններից մեկը կրթությունն է: Հավատում եմ, որ միասնական ուժերով կհասնենք մեր նպատակին»,-ընդգծել է Ն. Մկրտչյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին կրթության ոլորոտին: