Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ-ում մեկնարկել է 2023-2024 ուստարվա ԱրՊՀ առաջին կուրսեցիների համար նախատեսված «Իրազեկ ուսանող» ծրագիրը: Ծրագրի շրջանակում այսօր ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ստորաբաժանումների պատասխանատուներ, ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարներ հանդիպել են բնագիտական ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողների հետ և կատարել իրազեկման աշխատանքներ:
 
ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, շնորհավորել է նրանց բուհ ընդունվելու կապակցությամբ՝ բարեհաջող ուսումնառություն մաղթելով նրանց:
«Համալսարանական տարիները հրաշալի հնարավորություն են ձեր նպատակներին հասնելու ճանապարհին: Ոչ միայն Արցախում, նաև Հայաստանի Հանրապետությունում բնագիտական առարկաների նկատմամբ ուշադրության որոշակի անկում է նկատվում: Բնագիտական մասնագիտությունները մեր երկրի համար շատ անհրաժեշտ են»,- նշել է պրոռեկտորը՝ վստահեցնելով, որ համալսարանը իր նորակառույց պայմաններով, տեխնիկական հնարավորություններով, պրոֆեսորադասախոսական անձնակազմով բոլոր հնարավորությունները ստեղծելու է, որ ուսանողները հասնեն իրենց նպատակներին:
Բնագիտական ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը, ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը, դեկանատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի աշխատակիցները ներկայացրել են ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բուհում գործող կանոնակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման, քննաշրջանի, կրեդիտների, ՄՈԳ-ի հաշվարկման, էլեկտրոնային ուսուցման հարթակի և համալսարանին վերաբերող այլ հարցերի մասին տեղեկատվություն:
Հանդիպման ավարտին համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին: