
Ծնվել է 2000թ. ապրիլի 18-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Վեց տարեկանից դպրոց է հաճախել Ճարտարում: Վիգենը դպրոցում աչքի ընկնող, բոլորի կողմից սիրված աշակերտ էր, խելացի ու սուր մտքի տեր: Բազում նախասիրություններ ուներ, շատ էր սիրում բռնցքամարտ մարզաձևը:
Խարիզմատիկ բնավորություն ուներ, լավագույնին ձգտող, բարձրաճաշակ: Ընտանիքում փոքրն էր: Բոլորն ուզում էին, որ նա ընտրեր բժշկի մասնագիտությունը, բայց նրան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էր հետաքրքրում:
2017թ. ընդունվել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժինը: Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնում է ծառայության:
Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո որոշել էր շարունակել ծառայությունը Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում: Նա շատ խիզախ ու հայրենասեր զինվոր էր: Պատերազմի ժամանակ հրետանավոր էր և առանց հարազատներին տեղյակ պահելու մարտական գործողություններին մասնակցում էր 9-րդ պաշտպանական շրջանում:
Հոկտեմբերի 9-ին Վիգենն ու իր զինակից ընկերները անմահացան:

Ծնվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին Մարտակերտ քաղաքում: 2006-2018թթ. հաճախել է դպրոց, եղել է օրինակելի, սիրված ու հարգված աշակերտ: Բնավորությամբ աշխույժ տղա էր, անչափ բարի ու հոգատար: Չորս տարեկանից հաճախում էր ըմբշամարտի: Սպորտը նրա կյանքի անբաժանելի մասն էր:
Բազում հաջողությունների և հաղթանակների է հասել, տարբեր երկրներում և հարթակներում արժանացել բազմաթիվ մեդալների և խրախուսանքների:
Վարդանը մեծ նպատակներ ուներ: Նա երազում էր դառնալ ըմբշամարտի մարզիչ կամ բանակում անցնել ծառայության՝ որպես ֆիզղեկ:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԱրՊՀ ՆԶՊ բաժինը՝ ցուցաբերելով բարձր գնահատականներ: Ուսումը կիսատ է թողնում և 2020 թ. հունվարի 21-ին մեկնում ծառայության: Ծառայում էր Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում:
Վերջին անգամ հարազատների հետ կապվել է հոկտեմբերի 24-ին:
Վարդանի ճակատագիրն ավելի քան երկուսուկես ամիս անհայտության մեջ էր: Պատերազմից հետո հարազատները երկար փնտրել են նրան և միայն հունվարի 7-ին իմացել, որ Վարդանը անմահացել է:

Ծնվել է 1998թ. ապրիլի 26-ին Մարտունու շրջանի Եմիշճյան գյուղում: 2004թ. հաճախել է գյուղի ութամյա դպրոցը, որից հետո ավարտել Սպիտակաշենի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին լավ էր սովորում, ակտիվ, եռանդով լեցուն տղա էր, չէր սիրում սուտը, բարի էր ու ընկերասեր, ուներ բազում նպատակներ՝ ապագայի հետ կապված:
2016թ. ավարտել է դպրոցը և ընդունվել ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» բաժինը:
Նույն թվականին էլ անցել է ծառայության՝ հայրենիքի համար սրբազան պարտքը կատարելու: Երկու տարի ծառայել է Մատաղիսում և երբևէ չի դժգոհել հարազատներին: Բնավորությամբ շատ զուսպ, հանգիստ և հավասարակշռված տղա էր:
2020թ. պատերազմին կամավորագրվել էր և մարտական գործողություներին մասնակցում էր Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում:
Վիրավորվել է հոկտեմբերի 30-ին և ծանր այրվածքների պատճառով անմահացել նոյեմբերի 5-ին:

Ծնվել է 2001թ. սեպտեմբերի 10-ին Հադրութ քաղաքի ամենակոլորիտային և ամենահին թաղամասում: 2007-2019թթ. հաճախել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցը: Նա մանկուց շատ կապված էր իր հին թաղամասի հին տան հետ և որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո տունն ամբողջությամբ վերակառուցել:
Սամվելը ուժեղ ու մարզված տղա էր, պատանեկության տարիներին ըմբշամարտով էր զբաղվում՝ արժանանալով բազում մրցանակների: Բնավորությամբ հանգիստ և հավասարակշռված տղա էր, գիտեր իր խոսքի արժեքը:
2019թ. ընդունվել է ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» բաժինը:
2020թ. հունվարի 8-ին զորակոչվել է բանակ, եղել ավագ ռադիոհեռախոսավար:
Պատերազմի ժամանակ էլ ամենավտանգավոր տեղերում կրկին ինքն էր, օգնելու բան լիներ՝ առաջինը ինքն էր: Ռադիոհեռախոսը(ռացիան) տալիս էր իր մտերիմ ընկերոջը, վերջինս կարճատես էր, չթողնելով, որ նա առաջ գնա, ինքն էր բարձրանում դիտակետ և ընկերոջ փոխարեն տեղեկություն հաղորդում: Նույնիսկ այնպես էր ստացվել, որ մենակ երեք թուրքի հետ էր կռվել ու ոչնչացրել նրանց: Հետագայում միայն պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում նա հարազատներին խաբել էր՝ իր գտնվելու վայրի մասին սխալ տեղեկություններ տալով, բազում դժվարությունների մասին խոսելու, կիսվելու փոխարեն ասելով՝ ամեն բան շատ լավ է:
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 30-ին:

Ծնվել է 2002թ. հունվարի 21-ին Ռուսաստանի դաշնության Տիխորեսկ քաղաքում: 2003թ. ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ: Հինգ տարեկան չկար, երբ իր իսկ պահանջով սկսեց հաճախել դպրոց: 2006-2016թթ. սովորել է Ա. Գրիբոյեդովի անվան N3 դպրոցում, 2016-2019թթ.՝ Վ. Ջհանգիրյանի անվան N11 ավագ դրոցում:
2019թ. ընդունվել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժինը: 2020թ. հուլիսի 6-ին գնաց հայրենիքի համար սրբազան պարտքը կատարելու: Ծառայում էր Ջրականում:
Միքայելը երբևէ չէր դժգոհել ծառայությունից, նույնիսկ պատերազմի ժամանակ ուրախ էր խոսում, ասում էր, որ քիչ է մնացել, շուտով ամեն ինչ կավարտվի և նա կգա տուն:
Երբ սկսվեց պատերազմը, նա զանգեց հարազատներին և նրանց հաղորդեց, որ նկուղներ գնան, հետո ասաց, որ իրենց ապահով տեղ են պահում, այնինչ պարզվում է, որ շատ անգամներ եղել են շրջափակման մեջ և մեծ դժվարություններով դուրս եկել: Երբ նրանց խմբին հարցրին, թե ով է ուզում կամավոր գնալ և պաշտպանել Կարմիր Շուկա գյուղը, նա առաջիններից էր:
Հոկտեմբերի 28-ին վերջին անգամ զանգեց հարազատներին, ասաց, որ բոլորին շատ է կարոտել, քրոջն էլ ասաց, որ երբ տղա ունենա, Միշա դնի նրա անունը: 50 օր անց Միքայելին գտան ԴՆԹ թեստի միջոցով: Նա իր 19 զինակից ընկերների հետ զոհվել էր հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում:

Ծնվել է 2001թ. հուլիսի 5-ին Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում: 2007-2011թթ. սովորել է գյուղի տարրական դպրոցում: 2011-2018թթ. սովորել է Շոշի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում: 2015-2018թթ. հաճախել է Ստեփանակերտի ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոն:
Միքայելը խելացի և բանիմաց աշակերտ էր: Հարազատներն ու ընկերները նրան հիշում են իր տարբերվող ժպիտով և անսահման բարությամբ: Նա բնավորությամբ շատ հանգիստ և հավասարակշռված տղա էր:
Գյուղում ինքնուրույն խաղ է ստեղծել, որից հետո էլ նրան տեսել և հրավիրել են ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոն՝ գիտելիքները ավելի խորացնելու համար: Միքայելը նվիրված և հավատարիմ ընկեր էր, շրջապատում բոլորը յուրահատուկ սիրով էին կապված նրա հետ:
2018թ. ընդունվել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժինը:
2019թ. զորակոչվել է ԱՀ պաշտպանության բանակ: Հերոսաբար զոհվել է 2020թ. հոկտեմբերի 10-ին, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Կարախանբեյլի գյուղում:

Ծնվել է 2002թ. մայիսի 18-ին Ստեփանակերտում: 2008թ. ընդունվել է Ստեփանակերտի N8 դպրոցը և ավարտել 2020 թվականին: Հաջող հանձնելով քննությունները՝ ընդունվել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինը:
Դեռ 12-րդ դասարանից անցնում էր ծրագրավորման կուրսեր՝ Ինսթիգեյթ մոբայլում:
Կենսախինդ, խելացի ու հայրենասեր տղա էր Միխայիլը: Լեզու էր գտնում ցանկացած բնավորության տեր մարդկանց հետ, որի շնորհիվ ուներ մեծ ընկերական շրջապատ: Հետաքրքրված էր ֆուտբոլով, նույնիսկ ինստագրամյան ֆուտբոլային էջ ուներ և շատ հետևորդներ: Ուներ նաև հեղինակային ֆիլմ, որն այդպես էլ չհրապարակվեց:
2020թ. հուլիսի 20-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Ջրականում՝ որպես հրետանային մարտկոցի հրամանատար-հաշվարկող:
Պատերազմի 8-րդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Միխայիլը հայրենիքի պաշտպանության սուրբ գործում հերոսաբար զոհվեց:

Ծնվել է 1997թ. օգոստոսի 26-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում: 2003-2015թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Աշխարհագրություն» բաժինը:
Մասիսն աշխույժ, բարի, ընկերասեր, կատակասեր, մարդամոտ տղա էր, ամեն մի դժվար իրավիճակից ելք գտնում էր: Զենքի հանդեպ սեր ուներ: Փոքր տարիքից զբաղվում էր որսորդությամբ: Շատ էր սիրում փոքր երեխաներին: Նշանված էր, որոշել էր պատերազմի ավարտից հետո ամուսնանալ և որդի ունենալ՝ անվանակոչելով նրան Մոնթե:
2016թ. հունվարին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մարտունու N զորամասում: Իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմում:
2018թ. ավարտել է ծառայությունը և շարունակել ուսումը: Սովորելուն զուգահեռ աշխատել է «Բեյզ մեթըլս» ընկերությանը պատկանող Կաշենի լեռնահանքային համալիրում:
Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր: Զոհվելուց ընդամենը ժամեր առաջ հասցրել էր զինվորների կյանքեր փրկել:
Նոյեմբերի 1-ին՝ հերթափոխի ժամանակ, անօդաչու թռչող սարքը Կարմիր շուկա գյուղի մատույցներում ֆիքսել էր մեքենան և հարվածել: Մասիսի հետ զոհվել են իր երկու ընկերները:

Ծնվել է 2001թ. հունիսի 30-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում:
2007-2019թթ. հաճախել է գյուղի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: Հմուտ աշակերտ էր, խելացի, բանիմաց, նպատակներով ու երազանքներով լի: Բնավորությամբ շատ համեստ էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր:
Նա շատ ընկերներ ուներ, բոլորը վստահ էին, որ ցանկացած հարցում Հայկը նրանց կհասնի և կաջակցի:
Հայկն առանձնակի սիրով էր ֆիլմեր դիտում: Սպորտային մարզաձևերից սիրում էր խաղալ բասկետբոլ, շատ անգամներ է մասնակցել շրջանային և հանրապետական մրցումների, զբաղեցրել մրցանակային տեղեր:
2019թ. ընդունվել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: Նույն թվականին էլ անցել է ծառայության Ջրականում:
Ծառայության մեկ տարին և 3 ամիսն արդեն անցել էր, երբ սկսվեց դաժան պատերազմը: Երբևէ չի դժգոհել ծառայությունից:
Հայկը մարտական գործողություններին մասնակցել է հենց առաջնագծում: Զոհվել է հոկտեմբերի 19-ին:

Ծնվել է 2002թ. հունվարի 2-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում: 2008-2017թթ. սովորել է Մաղավուզի Մ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում: 2017-2018թթ. Իլյան սովորել է Ստեփանակերտի Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվոր-մարզիկ»:
2019-2020թթ. տեղափոխվել է գյուղ և ավարտել տեղի դպրոցը: Դպրոցում և վարժարանում մասնակցել է ստեղծագործական, մարզական մրցաշարերին, «Հայ ասպետ» հեռուստանախագծին՝ գրավելով առաջնակարգ տեղեր և արժանանալով խրախուսանքների ու մեդալների: Իլյան շատ էր սիրում սպորտը և առանձնահատուկ սեր ուներ վոլեյբոլի նկատմամբ:
2020թ. ընդունվել է ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» բաժինը: Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց` ճանաչողները այսպես են բնութագրում մերօրյա հերոսին: Անշահախնդիր ու բոլորին օգնող տղա էր Իլյան:
2020թ. օգոստոսի 11-ին Իլյան ծառայության է անցնում Հադրութի N զորամասում: Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքն ու իր ընկերներն են հանել մարտադաշտից: Չնայած Հադրութում էր ծառայում, բայց մասնակցել էր նաև Մարտունու և Շուշիի մարտերին:
Վիրավորվել է նոյեմբերի 7-ին: Անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում՝ նռնակը գրպանում բացած: Իլյան երազում էր ծառայությունն ավարտելոց հետո վերանորոգել տունը, իսկ համալսարանն ավարտելուց հետո՝ գյուղի դպրոցում վոլեյբոլի խմբակ ունենալ և մարզել երեխաներին: