Արցախի պետական համալսարան
Ծնվել  է  1997թ. օգոստոսի  26-ին  Մարտակերտի  շրջանի  Ճանկաթաղ  գյուղում: 2003-2015թթ. սովորել  է  գյուղի  միջնակարգ  դպրոցում, որն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի «Աշխարհագրություն»  բաժինը: Մասիսն  աշխույժ, բարի, ընկերասեր, կատակասեր, մարդամոտ  տղա  էր, ամեն  մի  դժվար  իրավիճակից  ելք  գտնում  էր: Զենքի  հանդեպ  սեր  ուներ: Փոքր  տարիքից  զբաղվում  էր  որսորդությամբ: Շատ  էր  սիրում  փոքր  երեխաներին: Նշանված  էր, որոշել  էր  պատերազմի  ավարտից  հետո  ամուսնանալ  և  որդի  ունենալ՝  անվանակոչելով  նրան  Մոնթե: 2016թ. հունվարին  զորակոչվել  է  բանակ   և   ծառայության  անցել  Մարտունու  N զորամասում:  Իր  ակտիվ  մասնակցությունն  է  ունեցել  ապրիլյան  քառօրյա  պատերազմում: 2018թ. ավարտել  է  ծառայությունը  և  շարունակել  ուսումը: Սովորելուն  զուգահեռ  աշխատել   է  «Բեյզ  մեթըլս»  ընկերությանը  պատկանող  Կաշենի  լեռնահանքային  համալիրում: Պատերազմի  առաջին  օրվանից  առաջնագծում էր: Զոհվելուց  ընդամենը  ժամեր  առաջ   հասցրել  էր  զինվորների  կյանքեր   փրկել: Նոյեմբերի  1-ին՝  հերթափոխի  ժամանակ, անօդաչու  թռչող   սարքը  Կարմիր  շուկա   գյուղի  մատույցներում  ֆիքսել  էր  մեքենան  և   հարվածել: Մասիսի  հետ  զոհվել  են  իր  երկու  ընկերները:  
Ծնվել  է  2001թ. հունիսի  30-ին  Ասկերանի  շրջանի  Այգեստան  գյուղում: 2007-2019թթ.  հաճախել  է  գյուղի  Խ. Աբովյանի  անվան  միջնակարգ  դպրոցը: Հմուտ  աշակերտ  էր, խելացի, բանիմաց, նպատակներով  ու  երազանքներով  լի: Բնավորությամբ  շատ  համեստ  էր, մեծի  հետ՝  մեծ, փոքրի  հետ՝  փոքր: Նա  շատ  ընկերներ  ուներ, բոլորը  վստահ  էին, որ    ցանկացած  հարցում  Հայկը   նրանց  կհասնի  և  կաջակցի: Հայկն  առանձնակի  սիրով  էր  ֆիլմեր   դիտում: Սպորտային  մարզաձևերից  սիրում  էր  խաղալ  բասկետբոլ, շատ  անգամներ  է   մասնակցել  շրջանային  և  հանրապետական  մրցումների, զբաղեցրել  մրցանակային   տեղեր: 2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բանասիրական  ֆակուլտետի  «Հայոց  լեզու  և  գրականություն» բաժինը: Նույն  թվականին  էլ  անցել  է  ծառայության  Ջրականում: Ծառայության  մեկ  տարին  և  3  ամիսն  արդեն  անցել  էր, երբ  սկսվեց  դաժան  պատերազմը: Երբևէ   չի  դժգոհել  ծառայությունից: Հայկը  մարտական  գործողություններին  մասնակցել  է  հենց  առաջնագծում: Զոհվել   է  հոկտեմբերի  19-ին:
Ծնվել  է  2002թ. հունվարի  2-ին  Մարտակերտի  շրջանի  Մաղավուզ  գյուղում: 2008-2017թթ. սովորել  է  Մաղավուզի  Մ. Դանիելյանի  անվան  միջնակարգ  դպրոցում: 2017-2018թթ. Իլյան  սովորել  է  Ստեփանակերտի  Ք.Իվանյանի  անվան  ռազմամարզական  վարժարանում: Մեկ  ամսվա  մեջ  ֆիզիկական  բարձր  պատրաստվածության  շնորհիվ  ճանաչվել  է  «Լավագույն  զինվոր-մարզիկ»: 2019-2020թթ. տեղափոխվել  է  գյուղ  և  ավարտել  տեղի  դպրոցը: Դպրոցում  և  վարժարանում  մասնակցել  է  ստեղծագործական, մարզական  մրցաշարերին, «Հայ  ասպետ»  հեռուստանախագծին՝ գրավելով  առաջնակարգ  տեղեր  և  արժանանալով   խրախուսանքների  ու  մեդալների: Իլյան  շատ  էր  սիրում  սպորտը  և  առանձնահատուկ  սեր  ուներ  վոլեյբոլի  նկատմամբ: 2020թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն   և  սպորտ»  բաժինը: Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի  ու  նպատակասլաց` ճանաչողները  այսպես   են  բնութագրում  մերօրյա  հերոսին: Անշահախնդիր    ու  բոլորին  օգնող  տղա  էր  Իլյան: 2020թ. օգոստոսի  11-ին  Իլյան  ծառայության  է  անցնում  Հադրութի  N  զորամասում: Պատերազմի  առաջին  օրերին  վաշտի   կեսը  զոհվել  է, վիրավոր  ու  զոհված  ընկերներին  ինքն  ու  իր  ընկերներն  են  հանել  մարտադաշտից: Չնայած  Հադրութում  էր   ծառայում, բայց  մասնակցել  էր  նաև  Մարտունու  և  Շուշիի  մարտերին: Վիրավորվել  է  նոյեմբերի  7-ին: Անմահացել  է նոյեմբերի 9-ին Շուշիում՝  նռնակը   գրպանում  բացած: Իլյան  երազում  էր  ծառայությունն  ավարտելոց  հետո  վերանորոգել  տունը, իսկ  համալսարանն  ավարտելուց  հետո՝ գյուղի  դպրոցում  վոլեյբոլի  խմբակ  ունենալ  և  մարզել  երեխաներին:  
Ծնվել  է  2001թ. հուլիսի  19-ին  քաղաք  Ստեփանակերտում: 2007-2019թթ. սովորել  է  Վ. Ջհանգիրյանի  անվան  N11  դպրոցում: Սովորելու  տարիներին  աչքի  էր  ընկնում   իր  կազմակերպչական  ձիրքով, ընկերների  և,  առհասարակ,  շրջապատի  նկատմամբ  հոգատար  վերաբերմունքով: Վեց  տարեկանից  սկսել  էր  զբաղվել  բասկետբոլ  մարզաձևով: Տասնյակ  անգամներ  բասկետբոլի  թիմային  առաջնություններում  թիմն  իր  պրոֆեսիոնալ  խաղի  շնորհիվ  առաջնակարգ  տեղ  էր  գրավել  և  արժանացել  շնորհակալագրերի: Էրիկին  դեռ  մանկուց  առանձնակի  հոգատարությամբ  ու  յուրահատուկ  սիրով  էին  վերաբերվում  հարազատներն  ու  բարեկամները: Բնավորությամբ  անհանգիստ  էր, միշտ  շարժման  մեջ: 2019թ.  Էրիկն  ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական դաստիարակություն   և  սպորտ» բաժինը: Ուսումը  կիսատ  թողնելով՝ 2019թ. հունվարի  8-ին  զորակոչվել  էր  բանակ: 2020թ. հոկտեմբերի  2-ին՝ վաղ  առավոտյան, հրամանատարի  հետ  Մարտակերտի  ուղղությամբ մարտական  առաջադրանք  կատարելիս  թշնամին  թիրախավորել   և  հրթիռակոծել  էր  Մարտակերտի  պաշտպանական  շրջաններից  մեկի  հրետանու  պետ, Էրիկ  Հովսեփյանի  հրամանատար  Արման  Դլեյանի  ՈՒԱԶ  մակնիշի  ծառայողական  ավտոմեքենան: Մեքենայի  մեջ  զոհվել  են  Էրիկ  Հովսեփյանը  և  հրամանատար  Արման Դլեյանը:
Ծնվել  է  2000թ. նոյեմբերի  14-ին  Մարտունու  շրջանի  Խնուշինակ  գյուղում:  2006-2018թթ. հաճախել  է  Խնուշինակի  միջնակարգ  դպրոցը: Էդգարը  մանկուց  աչքի  էր  ընկնում  իր   արտասովոր  մտածողությամբ   և  ընդունակություններով: Փայլուն  տիրապետում  էր  պատմություն  առարկային:  Մասնակցել  է  բազմաթիվ   օլիմպիադաների՝ ինչպես  շրջանային, այնպես  էլ՝  հանրապետական, գրավել  պատվավոր  տեղեր, արժանացել  պատվոգրերի  և  դիպլոմների: Դպրոցն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ  պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետի  «Իրավագիտություն» բաժինը, այնուհետև, ուսումը  կիսատ  թողնելով, 2019թ. մեկնել  ծառայության: Ծառայում  էր  Հադրութում՝ որպես  հակատանկային  ստորաբաժանման  ավագ  օպերատոր: Գերազանց  ծառայության    համար  ավագ  սերժանտի  կոչում  էր  ստացել: Սպայական  կազմը  միշտ  առանձնացնում  էր  նրան՝ հպարտության  առիթ  տալով  ծնողներին: Տան  միակ  տղա  զավակն  էր, ուներ  երկու  քույր: 2020թ. սեպտեմբերի  30-ին  խոցել  էր  թշնամու  տանկ: Զինընկերների  վկայությամբ՝  մինչև  վերջ  կռվել  է  առանց   վախի, հաղթողի  ժպիտը  դեմքին: Վերջին  հեռախոսազանգը   եղել  է  հոկտեմբերի  8-ին: Հոկտեմբերի  9-ին  ընդհատվեց  Էդգարի կյանքը՝  անկատար  թողնելով  նրա  բազում  երազանքներ: Էդգարը  զոհվեց  Կարախանբեյլիում:
Ծնվել  է  1996թ. հունվարի  16-ին  Էջմիածնի  շրջանի  Արշալույս  գյուղում: Ընտանիքը  տեղափոխվել  է  Հադրութի  շրջան՝ գյուղ  Մարիամաձոր: Երեք  տարեկան  էր,  երբ   մահանում  է  մայրը, մի  քանի  տարուց  էլ՝  հայրը: Նրան  մեծացնում  են  մայրական  կողմով տատիկն   ու  պապիկը:  2002թ. հաճախում  է  Մարիամաձորի  Ն. Սայիյանի  անվան  միջնակարգ   դպրոցը, որտեղ  աչքի  է  ընկնում  իր  գիտելիքներով   և  ակտիվությամբ: Մասնակցում  է  օլիմպիադաների՝  շրջանային  և հանրապետական  փուլերում  գրավելով  առաջին  տեղ  ՆԶՊ  առարկայից: Դեռ  դպրոցական  տարիներից  ուներ  իր  շրջապատը, որտեղ  շատ  սիրված  ու  հարգված  էր: Զաքարը  ընկերասեր, հոգատար, ճշտապահ  ու  ճշտախոս, ջանասեր, խելացի  ու  տաղանդավոր  տղա  էր: 2013թ. ավարտում  է  դպրոցը  և  ընդունվում  ԱրՊՀ՝ «Նախազորակոչային  և   ֆիզիկական  պատրաստություն» բաժինը: 2015-2017թթ.  ծառայել է զինված  ուժերի  շարքերում: Ուներ  ավագ  սերժանտի  կոչում: 2018թ. ծառայության  է  անցել  ԱՀ  ոստիկանությունում: 2019թ. ավարտում  է  ուսումը, ստանում   բակալավրի  աստիճան, ընդունվում  մագիստրատուրա, որը  սովորում  էր  գերազանց:  2019թ.  աշխատանքի  է  անցնում  Տող  գյուղի  Վ. Գրիգորյանի  անվան  միջն. դպրոցում՝ որպես  զինղեկ: Պատերազմի  հենց  առաջին  օրերին  ընկերների  հետ  մեկնել  է  առաջնագիծ: Մարտական  գործողություններին  մասնակցել  է   Վարանդայում, Կարախանբեյլիում:  Տեղեկանալով, որ  հայրենի  գյուղը  ևս  վտանգված  է, վերադառնում  է  Մարիամաձոր  և  հոկտեմբերի  20-ին  զոհվում  այնտեղ:           
Ծնվել  է  2001թ. օգոստոսի  16-ին  Ասկերանի    շրջանի  Իվանյան  գյուղում: Ընտանիքի  կրտսեր  զավակն  էր, իրենից  մեծ  քույր  ու  եղբայր  ուներ: 2007թ. հաճախել  է  տեղի  միջնակարգ  դպրոցը: Դեռ  մանկուց  շատ  էր  սիրում  զինվորական  համազգեստն  ու  մանկուց  երազում էր զինվոր  դառնալ: Սովորելու  տարիներին  սիրում  էր   ռազմագիտություն   և   ֆիզկուլտուրա   առարկաները, ինչն  էլ  վճռական  եղավ  մասնագիտության  ընտրության  հարցում: 2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության   և  սպորտի  ֆակուլտետի  հեռակա  ուսուցման  համակարգի  «Ֆիզիկական  դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը: 2020թ. հունվարի  8-ին,  կիսատ  թողնելով   ուսումը, զորակոչվեց  բանակ: Ծառայում էր  Կիչանում (Սերխավանդ): Ի  կատար  ածվեց  Արտակի  վաղեմի  երազանքը՝  նա  դարձավ  զինվոր, ով  կարճ  ժամանակահատվածում  հասցրեց  գրավել  հրամանատարների  և  ընկերների  սերն  ու  հարգանքը: Նա  և  իր  զինակից  ընկերները  իրականացնում  էին  հետախույզի  բարդ  ու  պատասխանատու  աշխատանքը: 2020թ. սեպտեմբերի  27-ին  նրանց  տեղափոխեցին  ՊԲ  հյուսիսային  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից  մեկը: Հոկտեմբերի  10-ին  Արտակը  հերոսացավ: Հայրենիքի  զինվորը  հուղարկավորվեց  եղբայրական  գերեզմանատանը՝ իր  հերոս  ընկերների  կողքին:
Ծնվել  է  2001թ.  հունվարի  13-ին  Մարտունու շրջանի Ճարտար   քաղաքում, հետագայում ընտանիքով տեղափոխվել  Մարտակերտ: Մեծացել  և  դաստիարակվել  է  զինվորականի  ընտանիքում: 2007թ. ընդունվել  է  Մարտակերտի  Վ. Բալայանի  անվան  N1  դպրոցը: Նա  շատ  պարտաճանաչ  տղա  էր, մասնակցում  էր  տարբեր  մրցումների, զբաղվում  էր  բռնցքամարտով: Ծառայության  ընթացքում  լավ  էր  պատրաստվում  զինվորական  քննություններին  և  միշտ  գերազանց   արդյունքներ   էր   ցուցաբերում: Բնավորությամբ  շատ  հանգիստ  անձնավորություն  էր, հայրենասեր, ընկերասեր, սրտաբաց, նպատակասլաց, մարդկային դրական հատկանիշներով  օժտված  մի  տղա, ով  երազում  էր  զինվորական  դառնալ   և  հոր  գործը  շարունակել: Դպրոցն  ավարտել   է  2019թ. և  ընդունվել  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  ՆԶՊ  բաժինը: 2019թ. հուլիսի  8-ին  ծառայության  է  անցել  զինված  ուժերի  շարքերում: Արսենը  ծառայում  էր  Մարտակերտի  զորամասերից  մեկում: Ծառայության  մեկ  տարին  և  երկու  ամիսն  արդեն  անցել  էր: 2020թ. սեպտեմբերի  27-ին   սանձազերծված  պատերազմում  Արսենը  իրենց  դասակի  զինակիցների  հետ  արիաբար  կռվում  էր  առաջնագծում: Հակառակորդի  ԱԹՍ-ն  հայտնաբերում  է  նրանց  դիրքը   և  հարվածում  հենց  այդ  դիրքին: Արսենը  անմահացավ  պատերազմի  առաջին  իսկ  օրը:
 Ծնվել  է  2001թ. ապրիլի  12-ին  Մարտունու  շրջանի  Ճարտար  քաղաքում:  2007թ. ընդունվել  է  Ճարտարի   Հ. Հարությունյանի  անվան  N3  հիմնական  դպրոցը: 9-րդ  դասարանն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  Ճարտարի  ազատամարտիկների  անվան   N1  հոսքային  դպրոցը   և  ավարտել  2019թ.: Նույն  թվականին  ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  «Մաթեմատիկա»  բաժինը:    Շատ  երազկոտ  տղա  է: Նա  միշտ  սիրում  էր  այնպիսի  անակնկալներ  անել  մայրիկին, որ  բոլորը  մնում  էին  զարմացած, ընկերների   շրջանակում  քեֆ-ուրախություն  կազմակերպողն  էր: Ծնողներն  ամեն  հարցում աջակցում  էին  իրենց  միակ  զավակին, սակայն  այդ  հանգամանքը   որևէ  բացասական  ազդեցություն  չունեցավ   նրա  բնավորության  վրա, էգոիզմի  ոչ  մի  դրսևորում  չէր  նկատվում  նրա  մոտ: 2020թ. հուլիսի   15-ին   համալրեց  հայոց  բանակի  շարքերը՝  մեկ  տարի  ծառայելով  Մատաղիսում: Սեպտեմբերի  27-ից  մասնակցել  է  բոլոր  մարտական  գործողություններին, վարել  «Ուրալ»  մակնիշի  մեքենա, զինամթերք  տեղափոխել  մարտական  գործողությունների  վայր, միաժամանակ, լինելով  ԴՀՏ, փրկել  է  վիրավոր  զինվորների  կյանքեր: Արմանը  զոհվել  է  հոկտեմբերի  23-ին՝ հակառակորդի  ավիահարվածից:  
Ծնվել է 2000  թ. հուլիսի 22-ին  քաղաք  Ստեփանակերտում: 2006-2014 թթ.  սովորել  է  Ա. Գրիբոեդովի  անվան  N3 դպրոցում, 2014-2017թթ.՝ Վ. Ջհանգիրյանի  անվան  N11 ավագ  դպրոցում: Դպրոցական տարիներին Արթուրը սովորում էր գերազանց և լավ, մասնակցում էր դպրոցում ու հանրապետությունում անցկացվող տարբեր միջոցառումների` մշտապես գրավելով  մրցանակային  տեղեր: Ութ  տարեկանից ցանկություն հայտնեց զբաղվել «կարատե» մարզաձևով: 2008-2017թթ. ընթացքում նա կարողացավ իր քաշային կարգում ու տարիքային խմբում բազմաթիվ անգամ դառնալ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների չեմպիոն, մասնակցել էր նաև Եվրոպական մրցաշարերի   և  զբաղեցրել  մրցանակային  տեղեր: Բազմաթիվ անգամ արժանացել էր «Տարվա լավագույն մարզիկ»  պատվավոր  կոչմանը: Ուսումն  ավարտելուց  հետո ընդունվել էր ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի  «Ֆինանսներ»  բաժինը: Մեկ ու կես տարի սովորելով համալսարանում՝ 2019 թ. հունվարի 8-ին  զորակոչվեց  ծառայության: Զորամասի հրետանային դիվիզիոնում  հետախույզ հեռաչափորդ  էր, այնուհետև, մասնակցելով կրտսեր հրամանատարների պատրաստման դասընթացներին, նշանակվեց հրետանային դիվիզիոնի հրանոթի հրամանատար–դասակի հրամանատարի տեղակալ: Պատերազմի  առաջին  օրը,  հրամանատարության որոշմամբ, հրետանային դիվիզիոնը, որը Մարտունու ուղղությամբ էր գործում, տեղափոխեցին Հադրութի շրջան: Հոկտեմբերի  12-ին  հակառակորդի   հետ  փոխհրաձգության  ժամանակ  վիրավորվում  է  Արթուրի  ընկերներից  մեկը:   Նա  առաջ  է  շարժվում`  ընկերոջն օգնելու  և ստանում  մահացու  վիրավորում: Այդ թեժ մարտից որոշ զինծառայողների հաջողվում է փրկվել, սակայն առնվազն 15 քաջեր նահատակվում են:  Տարածքը երկար ժամանակ մնում էր հակառակորդի վերահսկողության տակ և տղաների աճյունները դուրս բերել չէր հաջողվում: Միայն  պատերազմից  ամիսներ  անց  է  ԴՆԹ-ի միջոցով  պարզվում  Արթուրի  ինքնությունը:       
1 2 3