Արցախի պետական համալսարան

 Գիտական կենտրոններ

     Հայագիտական կենտրոն

     Հայագիտական կենտրոնը հիմնադրվել է 1989թ. Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների և մատենադարանի կողմից: Սկզբնական փուլում այն ունեցել է 12 հաստիք, այդ թվում տնօրեն, 4 ավագ գիտաշխատող և կրտսեր գիտաշխատողներ: Առաջին տնօրենն է եղել պ.գ.թ. (այժմ պ.գ.դ.) հնագետ Համլետ Պետրոսյանը, ծնունդով արցախցի (Ասկերանի շրջան գյուղ Խնածախ), գիտական քարտուղար` պ.գ.թ. Արթուր Մկրտչյանը:

Պատերազմի տարիներին դժվարացել էր կենտրոնի աշխատանքը և ելնելով իրավիճակից, ստիպված այն ժամանակավոր պետք է սառեցվեր:

Ազգային զարթոնքը բարենպաստ ազդեցություն գործեց գիտության, մասնավորապես, հայագիտության զարգացման վրա և վերջապես Ադրբեջանի կապանքներից ազատագրված Ստեփանակերտի մայր ԲՈՒՀ-ը տեղի հայրենասերների և արտասահմանի հովանավորների (հայ) ջանքերով ունեցավ իր հայագիտական կենտրոնը:

1997թ. ԱրՊՀ - ում ստեղծվեց հայագիտական կենտրոն, այն ծավալել է իր աշխատանքը ՀՅԴ Բեյրութի <<Արցախի օգնության>> մարմնի ‎ֆինանսական օժանդակությամբ: Հայագիտական կենտրոնն ունի  երկու աշխատակից: Կենտրոնի աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 2005թ. դեկտեմբերի 1-ին ստեղծվել է 7 անձից կազմված խորհուրդ, որի մեջ ընդգրկված են պատմաբաններ,  հնագետներ, բանասեր և լեզվաբան: Ամիսը մեկ անգամ գումարվում է խորհրդի նիստ, որտեղ  քննարկվում են տարբեր հարցեր:

Իր գոյության ժամանակահատվածում կենտրոնը կատարել է որոշակի աշխատանք` նպաստելով  հայագիտության և այլ  բնագավառների մասնագետների պատրաստմանը:

Կենտրոնում հավաքագրված են Արցախի գյուղերի, տեղանունների, արցախյան գոյամարտի և  ընդհանրապես, Արցախի պատմությանը, ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող նյութեր:

Հայագիտական կետրոն է բերվել Գագիկ և Խորեն Սարգսյանների անձնական գրադարանի գրքերը: Գնալով համալրվում է կենրոնի գրքային ‎ֆոնդը, ձեռք են բերվում նոր հրատարակված գրքեր, որն էլ  այսօր հիմք է հանդիսանում համալսարանում հայագիտական մտքի զարգացման համար:

<<Հայրենիք>>, <<Բագին>>, <<Ազդակ>>, <<Ալիք>>, <<Դրոշակ>>, <<Վարագ>>>, <<Շիրակ>> ամսագրերի բազմաթիվ համարներ մեզ են տրամադրվել Պարսկաստանի ՀՅԴ մարմնի կողմից:   Հայագիտական կենտրոնում պահվում են Արցախյան շարժմանը վերաբերվող գրեթե բոլոր թերթերը:

Հայագիտական կենտրոնը ձեռք է բերել հնագիտական և ազգագրական նշանակություն ունեցող    հարուստ նյութեր:

Առաջիկա տարիներին նախատեսված է ձեռք բերել Արցախի պատմությանը վերաբերող այն բոլոր  նյութերը կամ գոնե նրանց մի մասը, որոնք տվյալ պահին գտնվում են Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի Վրաստանի պետական արխիվներում: Այս աշխատանքները իրականացվում են ԱրՊՀ –ի Հայ դատի գրասենյակների, հայ օգնության ‎ֆոնդի, ՀԿԳ-ի օժանդակությամբ:

Հայագիտական կենտրոնի կողմից հրատարակվում է <<Հայագիտական հանդես>> հոդվածների  ժողովածուն, որն ունի զուտ հայագիտական ուղղվածություն, ընդգրկում է Արցախի պատմությանը,  հնագիտությանն ու ազգագրությանը, բանահյուսությանն ու բարբառագիտությանը նվիրված  հոդվածներ:

Կենտրոնն իր հնարավորություններով անհրաժեշտ աշխատանքային ծավալներ է առաջադրում  այսօրվա ուսանողությանը, որի օգտին են խոսում ոչ միայն ուսանողների, այլև գիտությամբ զբաղվող  մարդկանց սիստեմատիկ հաճախումները կենտրոն:

     Ազգագրական սրահ


     Ազգագրական սրահը բացվել է 2010 թ. ԱրՊՀ ռեկտոր  Ս.Վ.Դադայանի և հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Ա.Յու.Սարգսյանի նախաձեռնությամբ և անձնական հավաքածուների հիման վրա: Նրանք դեռևս 10 տարի առաջ ուսանողների աջակցությամբ հավաքել են այդ ցուցանմուշները Արցախի տարբեր գյուղերից և ազատագրված տարածքներից: Սրահում ցուցադրված են 100-ից ավելի քարե, փայտե, պղնձի և այլ նմուշներ: Ըստ փորձագետների, ազգագրական սրահը բացի գիտական և կրթական նշանակություն ունենալուց, կարևոր է նաև  ազգային արմատների ու ավանդույթների պահպանման առումով:

     Ռուսական մշակույթի բարեկամների կենտրոն

     Ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնը բացվել է 2011թ.: ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական դպրոցներում կազմակերպած Ռուսական խոսքի օրերի համայնապատկերին գեղեցիկ իրողություն է Ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնի բացումը Արցախի պետհամալսարանում: Նման կենտրոն ունենալու գաղափարն Արցախի մայր բուհում մտահղացվել է վաղուց:

Բացմանը ներկա էին Ռուսաստանից և Հայաստանից ժամանած հյուրեր: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց համալսարանի օտար լեզվի ֆակուլտետի դեկան Էլեոնորա Հայրապետյանին և նիժնինովգորոդցի բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին:
Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանն անդրադարձավ հայ-ռուսական բարեկամությանը: <<Ռուսաստանը շատերի համար հեռու, բայց մեզ համար մոտիկ ու հարազատ երկիր է>>,- ասաց նա` ընդգծելով, որ Արցախի բնակչության գերակշիռ մասը խորհրդային տարիներին դաստիարակվել է ռուսական մշակույթի ազդեցությամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ռուսաց լեզուն շարունակում է սիրելի մնալ և ուսուցանվել Արցախի դպրոցներում, քանզի այն դարերում թրծված բարեկամության լեզուն է:
Ֆակուլտետի դեկան Է.Հայրապետյանը վստահեցրեց, որ Կենտրոնը կդառնա ռուսական հոգևոր արժեքների պահպանման օջախ` ծառայելով ոչ միայն ուսանողներին և դասախոսներին, այլև բոլոր նրանց, ում հարազատ է ռուսական մշակույթը: Այստեղ հաճախակի կկազմակերպվեն գիտաժողովներ, սեմինար-խորհրդակցություններ, հանդիպումներ, կհրատարակվեն պարբերականներ:
Կենտրոնը ստացավ իր առաջին նվերները: Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Բելա Իսաջանյանի նվիրած մեթոդական գրքերը Կենտրոնին փոխանցեց Երևանի սլավոնական դպրոցի տնօրեն Յուրի Յակովենկոն: Նվերներ հանձնեցին նաև Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և Արցախի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան:
Հիշարժան իրադարձության առթիվ ԱրՊՀ նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգ օտար լեզվի ֆակուլտետի ուսանողների ուժերով, որն ուղեկցվեց հետաքրքիր ելույթներով:
Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Նունե Առաքելյանը հանդես եկավ <<Հայերը Ռուսաստանում>> թեմայով: Հայերի մասին առաջին տեղեկությունները Ռուսաստանում հայտնվել են այդ երկրում քրիստոնեության ընդունումից հետո` ռուս տարեգիրների պատմություններում, եկեղեցիների պատերին արված գրառումներում` որպես հավատակից ազգի: Ռուսական պատմական գրականության մեջ արժեքավոր շատ փաստեր և նյութեր կան, որոնք բնութագրում են հայ ազատագրական շարժումների ռուսական կողմնորոշումը: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունն առանձնապես մեծացավ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո, երբ Օսմանյան կայսրությունը վտանգ դարձավ սլավոնական ժողովրդի համար: Իսկ այն պահից (ավելի քան 150 տարի առաջ), երբ ռուսական բանակը ղզլբաշներից ազատագրեց վերջին կայանը` Երևանի բերդը, հայերն իրենց բախտն ընդմիշտ կապեցին ռուս ժողովրդի հետ: Ինչպես Ռուսաստանը հայերի համար դարձավ հենարան, այնպես էլ հայերը Կովկասում դարձան Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Այդ ամենն իր արտացոլումն է գտել հայ և ռուս գրողների, մտավորականների ստեղծագործություններում:
Նույն ամբիոնի վարիչ Մելանյա Արզումանյանը ներկայացրեց ռուսաց լեզվի տարածումը Ղարաբաղում` Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, երբ դպրոցներում սկսվեցին ուսուցանել ռուսերենը:
Միջոցառման ժամանակ նշվեց նաև հայ գիտնականների, ռազմական և մշակութային գործիչների մեծ ավանդը ռուս ժողովրդի կյանքում:
Գրող Վիկտոր Կոնոպլյովը կարդաց Արցախի մասին գրած իր բանաստեղծությունները: ԱրՊՀ ռեկտորի կողմից նրան հանձնվեց Արցախը խորհրդանշող հուշանվեր:
Համերգին հնչեցին հայկական և ռուսական երգեր, կատարվեցին պարեր: Ռ.Ռոժդեստվենսկու խոսքերով գրված Ա.Բաբաջանյանի <<Նոկտյուրն>>-ը նվիրվեց ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վաղամեռիկ վարիչ Ռ.Հովսեփյանի հիշատակին:
Միջոցառման ամբողջ ընթացքում կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, որ հայ-ռուսական բարեկամությունը փորձարկվել է դարերում ու միշտ էլ կմնա աներեր: