Արցախի պետական համալսարան

Ծնվել է 2000  թ. հուլիսի 22-ին  քաղաք  Ստեփանակերտում:

2006-2014 թթ.  սովորել  է  Ա. Գրիբոեդովի  անվան  N3 դպրոցում, 2014-2017թթ.՝ Վ. Ջհանգիրյանի  անվան  N11 ավագ  դպրոցում: Դպրոցական տարիներին Արթուրը սովորում էր գերազանց և լավ, մասնակցում էր դպրոցում ու հանրապետությունում անցկացվող տարբեր միջոցառումների` մշտապես գրավելով  մրցանակային  տեղեր:

Ութ  տարեկանից ցանկություն հայտնեց զբաղվել «կարատե» մարզաձևով: 2008-2017թթ. ընթացքում նա կարողացավ իր քաշային կարգում ու տարիքային խմբում բազմաթիվ անգամ դառնալ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների չեմպիոն, մասնակցել էր նաև Եվրոպական մրցաշարերի   և  զբաղեցրել  մրցանակային  տեղեր: Բազմաթիվ անգամ արժանացել էր «Տարվա լավագույն մարզիկ»  պատվավոր  կոչմանը:

Ուսումն  ավարտելուց  հետո ընդունվել էր ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի  «Ֆինանսներ»  բաժինը: Մեկ ու կես տարի սովորելով համալսարանում՝ 2019 թ. հունվարի 8-ին  զորակոչվեց  ծառայության: Զորամասի հրետանային դիվիզիոնում  հետախույզ հեռաչափորդ  էր, այնուհետև, մասնակցելով կրտսեր հրամանատարների պատրաստման դասընթացներին, նշանակվեց հրետանային դիվիզիոնի հրանոթի հրամանատար–դասակի հրամանատարի տեղակալ:

Պատերազմի  առաջին  օրը,  հրամանատարության որոշմամբ, հրետանային դիվիզիոնը, որը Մարտունու ուղղությամբ էր գործում, տեղափոխեցին Հադրութի շրջան:

Հոկտեմբերի  12-ին  հակառակորդի   հետ  փոխհրաձգության  ժամանակ  վիրավորվում  է  Արթուրի  ընկերներից  մեկը:   Նա  առաջ  է  շարժվում`  ընկերոջն օգնելու  և ստանում  մահացու  վիրավորում: Այդ թեժ մարտից որոշ զինծառայողների հաջողվում է փրկվել, սակայն առնվազն 15 քաջեր նահատակվում են:  Տարածքը երկար ժամանակ մնում էր հակառակորդի վերահսկողության տակ և տղաների աճյունները դուրս բերել չէր հաջողվում: Միայն  պատերազմից  ամիսներ  անց  է  ԴՆԹ-ի միջոցով  պարզվում  Արթուրի  ինքնությունը: