Արցախի պետական համալսարան
Ծնվել է 2001թ. հունվարի 4-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 2007-2018թթ. սովորել է Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին աչքի էր ընկնում իր հմուտ, կարգապահ և ընդունակ տեսակով: Սիրում էր հայոց պատմություն առարկան և միշտ պատրաստ ներկայանում դասերին: 2018թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» բաժինը: Մեկ տարի սովորելուց հետո ծառայության է անցել պաշտպանության բանակի շարքերում: Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանական շրջանում: Ծառայության ողջ ընթացքում սպայական անձնակազմի կողմից վաստակել է սեր ու հարգանք, աչքի է ընկել իր խիզախությամբ ու անվախ տեսակով:  2020թ. սեպտեմբերին սանձազերծված պատերազմում մարտեր է մղել Կարախանբեյլիի ուղղությամբ: Զոհվել է հոկտեմբերի 11-ին, սակայն պատերազմից շուրջ 9 ամիս անց են  հարազատները գտել Գևորգի աճյունը և հողին հանձնել:            
Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 28֊ին  Ստեփանակերտում՝ 1992թ֊ին զոհված պապիկի՝ բերդաձորցի Ալեքսեյ Սամվելի Ասրյանի ընտանիքում։ 2007թ. հաճախել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի 1֊ին դասարանը, որտեղ սովորել է մինչև 2013թ.։ 2013֊2016 թթ. սովորել է ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 2016֊2019 թթ. սովորել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցում։ 2019 թ. ընդունվել է ԱրՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որտեղ այդպես էլ չի հասցրել սովորել և ավարտել։ Ալեքսեյը դեռ մանկուց աչքի էր ընկնում աշխույժ, ընկերասեր ու անմիջական բնավորությամբ։ Ե՛վ դպրոցում, և՛ ընկերական միջավայրում բոլորը սիրում և վստահում էին նրան։ 2020թ. հունվարի 8֊ից համալրել է ԱՀ ՊԲ Մարտունու 2֊րդ պաշտպանականի շարքերը։  Մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի և Վարանդայի մարտերին։ Ամիսներ շարունակ հավատով և հույսով ամենքը սպասում էին նրա վերադարձին։ Ճակատագիրը  դաժան գտնվեց ինչպես հազարավոր լույս տղաների, այնպես էլ Ալեքսեյի նկատմամբ։ Նա զոհվել է Վարանդայում հոկտեմբերի 24֊ի լույս 25֊ի գիշերը։ Ռազմական փորձագետների՝ մարտի դաշտի ուսումնասիրությունը փաստում է, որ նա ու ընկերները կռվել են հերոսի նման, քաջին վայել համարձակությամբ, կռվել են մինչև վերջին շունչը՝ անվարան ու աննահանջ։ 10 երկար ու տանջալից ամիսների որոնումների ընթացքում հայրը որդու բազմաթիվ սխրագործությունների մասին է իմացել։ Ամեն անգամ հպարտորեն լսում էր որդու մասին՝ հույս ունենալով, որ որդին կվերադառնա և ինքը կպատմի պատերազմի օրերից։ Ալեքսեյը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ 
Ծնվել է 2000թ. նոյեմբերի 16-ին քաղաք Մարտունիում: 2006-2018թթ. հաճախել է Մարտունու N1 միջնակարգ հոսքային դպրոցը: Դպրոցական տարիներին եղել է գերազանց ընդունակություններով օժտված տղա, ուսումնական և սպորտային բնագավառներում տարաբնույթ միջոցառումների է մասնակցել, մաթեմատիկայի հանդեպ առանձնակի սեր ուներ, արժանացել է մի շարք  պատվոգրերի և մեդալների: 2018թ. ընդունվել է ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «ՆԶՊ»  բաժինը: Վեց ամիս հաճախել է դասերին, բարեհաջող հանձնել առաջին կիսամյակի  քննությունները և 2019թ. հունվարի 29-ին զորակոչվել բանակ: Ծառայում էր Ջրականում: Երեք ամիս վերապատրաստվել է Վանաձորում և ստացել սերժանտի  կոչում: Հրամանատարական կազմի կողմից ընտանիքը ստացել է շնորհակալագիր՝ օրինակելի որդի դաստիարակելու համար: Մովսեսը շատ նպատակասլաց տղա էր: Որոշել էր ծառայությունից հետո  ուսումը շարունակել, մտածում էր նաև աշխատանքի անցնել պաշտպանության բանակում: Պատերազմի ժամանակ հետախուզական խմբում էր և առաջին իսկ պահերից թեժ մարտեր էր վարում։ Գերազանց տիրապետում էր հետախույզի դժվար ու պատասխանատու գործի բոլոր նրբություններին, արագ և արդյունավետ էր կողմնորոշվում ցանկացած անելանելի իրավիճակում: Տասնյակ վիրավորների հանել  է մարտի դաշտից՝ հետախուզական գաղտնի առաջադրանքները հաջողությամբ  կատարելով: Մովսեսը վիրավորվում և զոհվում է հոկտեմբերի 5-ին, երբ, չենթարկվելով նահանջի հրամանին, առաջ է շարժվում՝ զոհված ընկերոջը մարտի դաշտից հանելու: Զոհվելուց շուրջ 7 ամիս անց է միայն ԴՆԹ թեստի միջոցով հաստատվել Մովսեսի զոհվելու փաստը:
Ծնվել  է  2000թ.  ապրիլի  18-ին  Մարտունու   շրջանի  Ճարտար  քաղաքում: Վեց  տարեկանից  դպրոց  է  հաճախել  Ճարտարում: Վիգենը  դպրոցում  աչքի  ընկնող, բոլորի  կողմից  սիրված  աշակերտ  էր, խելացի  ու  սուր  մտքի  տեր: Բազում  նախասիրություններ   ուներ, շատ  էր   սիրում  բռնցքամարտ  մարզաձևը: Խարիզմատիկ  բնավորություն  ուներ, լավագույնին  ձգտող, բարձրաճաշակ: Ընտանիքում  փոքրն էր: Բոլորն  ուզում  էին, որ  նա  ընտրեր  բժշկի  մասնագիտությունը, բայց  նրան  տեղեկատվական  տեխնոլոգիաների  ոլորտն  էր  հետաքրքրում: 2017թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  «Կիրառական  մաթեմատիկա  և  ինֆորմատիկա»  բաժինը: Ուսումը  կիսատ  թողնելով՝  մեկնում է  ծառայության: Պարտադիր  ժամկետային  ծառայությունն  ավարտելուց  հետո   որոշել  էր  շարունակել  ծառայությունը  Մարտունու  2-րդ  պաշտպանական  շրջանում: Նա շատ  խիզախ  ու  հայրենասեր  զինվոր  էր: Պատերազմի  ժամանակ  հրետանավոր  էր  և   առանց  հարազատներին  տեղյակ  պահելու  մարտական  գործողություններին  մասնակցում  էր  9-րդ  պաշտպանական  շրջանում: Հոկտեմբերի  9-ին  Վիգենն  ու  իր    զինակից  ընկերները  անմահացան:
Ծնվել  է  2000թ. հոկտեմբերի  31-ին  Մարտակերտ  քաղաքում:    2006-2018թթ. հաճախել  է  դպրոց, եղել  է  օրինակելի, սիրված  ու  հարգված  աշակերտ: Բնավորությամբ  աշխույժ  տղա  էր, անչափ  բարի  ու  հոգատար: Չորս տարեկանից   հաճախում  էր  ըմբշամարտի: Սպորտը  նրա  կյանքի  անբաժանելի  մասն  էր: Բազում  հաջողությունների  և  հաղթանակների  է  հասել, տարբեր  երկրներում  և  հարթակներում  արժանացել  բազմաթիվ  մեդալների   և  խրախուսանքների: Վարդանը  մեծ  նպատակներ  ուներ: Նա  երազում  էր  դառնալ  ըմբշամարտի  մարզիչ   կամ  բանակում  անցնել  ծառայության՝  որպես  ֆիզղեկ: Դպրոցն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ   ՆԶՊ  բաժինը՝  ցուցաբերելով  բարձր  գնահատականներ: Ուսումը  կիսատ  է  թողնում  և  2020 թ. հունվարի  21-ին  մեկնում  ծառայության: Ծառայում  էր  Մարտունու  2-րդ  պաշտպանական  շրջանում: Վերջին  անգամ  հարազատների  հետ  կապվել  է  հոկտեմբերի  24-ին: Վարդանի  ճակատագիրն  ավելի  քան   երկուսուկես  ամիս  անհայտության  մեջ  էր: Պատերազմից  հետո  հարազատները  երկար  փնտրել  են  նրան  և  միայն  հունվարի   7-ին  իմացել, որ  Վարդանը  անմահացել  է:
Ծնվել  է  1998թ. ապրիլի  26-ին       Մարտունու  շրջանի  Եմիշճյան  գյուղում: 2004թ. հաճախել  է  գյուղի  ութամյա դպրոցը, որից  հետո  ավարտել  Սպիտակաշենի  միջնակարգ  դպրոցը: Դպրոցական  տարիներին  լավ  էր   սովորում, ակտիվ, եռանդով  լեցուն  տղա  էր, չէր  սիրում  սուտը,  բարի  էր  ու  ընկերասեր, ուներ  բազում նպատակներ՝ ապագայի  հետ  կապված: 2016թ. ավարտել  է  դպրոցը   և  ընդունվել  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  հեռակա  ուսուցման  համակարգի  «Ֆիզիկական  դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը: Նույն  թվականին  էլ  անցել  է  ծառայության՝ հայրենիքի  համար  սրբազան  պարտքը  կատարելու: Երկու  տարի  ծառայել  է Մատաղիսում  և  երբևէ  չի  դժգոհել  հարազատներին:  Բնավորությամբ  շատ  զուսպ, հանգիստ  և  հավասարակշռված  տղա  էր: 2020թ.  պատերազմին   կամավորագրվել  էր  և մարտական  գործողություներին   մասնակցում  էր  Մարտունու  3-րդ  պաշտպանական  շրջանում: Վիրավորվել  է  հոկտեմբերի  30-ին  և ծանր  այրվածքների  պատճառով   անմահացել    նոյեմբերի  5-ին:
Ծնվել  է  2001թ. սեպտեմբերի  10-ին  Հադրութ  քաղաքի   ամենակոլորիտային   և ամենահին   թաղամասում:      2007-2019թթ. հաճախել   է  Հադրութի  Մ. Մանվելյանի  անվան  միջնակարգ  հոսքային  դպրոցը: Նա  մանկուց  շատ  կապված  էր  իր  հին  թաղամասի  հին  տան  հետ  և  որոշել  էր  ծառայությունն    ավարտելուց  հետո  տունն  ամբողջությամբ  վերակառուցել: Սամվելը  ուժեղ  ու  մարզված  տղա  էր, պատանեկության  տարիներին  ըմբշամարտով  էր  զբաղվում՝  արժանանալով   բազում  մրցանակների: Բնավորությամբ  հանգիստ  և  հավասարակշռված  տղա  էր, գիտեր  իր խոսքի  արժեքը: 2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության   և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն   և   սպորտ»  բաժինը: 2020թ. հունվարի  8-ին  զորակոչվել  է  բանակ, եղել  ավագ  ռադիոհեռախոսավար: Պատերազմի  ժամանակ  էլ   ամենավտանգավոր  տեղերում  կրկին ինքն  էր, օգնելու  բան  լիներ՝  առաջինը  ինքն  էր: Ռադիոհեռախոսը(ռացիան)  տալիս  էր  իր  մտերիմ  ընկերոջը, վերջինս  կարճատես  էր, չթողնելով, որ  նա  առաջ  գնա, ինքն  էր  բարձրանում  դիտակետ  և   ընկերոջ  փոխարեն  տեղեկություն  հաղորդում: Նույնիսկ  այնպես  էր  ստացվել, որ  մենակ  երեք  թուրքի  հետ  էր  կռվել  ու  ոչնչացրել   նրանց: Հետագայում  միայն  պարզվեց, որ  այդ ամբողջ  ընթացքում  նա  հարազատներին  խաբել  էր՝ իր  գտնվելու  վայրի  մասին  սխալ  տեղեկություններ  տալով, բազում  դժվարությունների  մասին  խոսելու, կիսվելու  փոխարեն  ասելով՝  ամեն  բան  շատ  լավ  է: Զոհվել  է  2020թ. հոկտեմբերի  30-ին:  
Ծնվել  է   2002թ. հունվարի  21-ին  Ռուսաստանի  դաշնության  Տիխորեսկ  քաղաքում: 2003թ. ընտանիքը  տեղափոխվել  է  Ստեփանակերտ: Հինգ  տարեկան  չկար, երբ  իր  իսկ  պահանջով  սկսեց  հաճախել  դպրոց: 2006-2016թթ.  սովորել  է  Ա. Գրիբոյեդովի  անվան  N3  դպրոցում, 2016-2019թթ.՝ Վ. Ջհանգիրյանի  անվան  N11 ավագ  դրոցում: 2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  «Կիրառական  մաթեմատիկա  և  ինֆորմատիկա»  բաժինը: 2020թ. հուլիսի  6-ին  գնաց հայրենիքի  համար  սրբազան  պարտքը  կատարելու: Ծառայում  էր  Ջրականում: Միքայելը  երբևէ  չէր  դժգոհել  ծառայությունից, նույնիսկ  պատերազմի  ժամանակ  ուրախ  էր  խոսում, ասում  էր, որ  քիչ  է  մնացել, շուտով  ամեն ինչ  կավարտվի  և  նա  կգա  տուն: Երբ  սկսվեց  պատերազմը, նա  զանգեց  հարազատներին   և  նրանց   հաղորդեց, որ  նկուղներ  գնան, հետո  ասաց, որ  իրենց  ապահով  տեղ  են  պահում, այնինչ  պարզվում  է, որ  շատ  անգամներ  եղել  են  շրջափակման  մեջ  և  մեծ   դժվարություններով  դուրս  եկել: Երբ  նրանց  խմբին  հարցրին, թե   ով  է  ուզում  կամավոր   գնալ   և  պաշտպանել  Կարմիր  Շուկա  գյուղը, նա  առաջիններից  էր: Հոկտեմբերի  28-ին  վերջին  անգամ  զանգեց  հարազատներին, ասաց,  որ  բոլորին  շատ  է  կարոտել, քրոջն  էլ  ասաց, որ  երբ  տղա  ունենա, Միշա  դնի  նրա  անունը: 50  օր  անց  Միքայելին  գտան  ԴՆԹ  թեստի  միջոցով: Նա  իր   19  զինակից  ընկերների  հետ  զոհվել  էր  հոկտեմբերի  29-ին  Քերթ  գյուղում:
Ծնվել  է  2001թ. հուլիսի  5-ին  Ասկերանի  շրջանի  Մխիթարաշեն  գյուղում: 2007-2011թթ. սովորել  է  գյուղի  տարրական  դպրոցում: 2011-2018թթ. սովորել  է  Շոշի  Ս. Աբրահամյանի  անվան  միջնակարգ  դպրոցում: 2015-2018թթ. հաճախել  է  Ստեփանակերտի  ԹՈՒՄՈ   ստեղծարար  կենտրոն: Միքայելը  խելացի  և  բանիմաց  աշակերտ  էր: Հարազատներն  ու  ընկերները  նրան  հիշում  են  իր  տարբերվող  ժպիտով  և  անսահման  բարությամբ: Նա  բնավորությամբ   շատ  հանգիստ  և  հավասարակշռված   տղա  էր: Գյուղում  ինքնուրույն  խաղ  է ստեղծել, որից  հետո  էլ  նրան  տեսել  և  հրավիրել  են  ԹՈՒՄՈ  ստեղծարար  կենտրոն՝ գիտելիքները  ավելի  խորացնելու  համար: Միքայելը  նվիրված  և  հավատարիմ  ընկեր  էր, շրջապատում  բոլորը  յուրահատուկ  սիրով  էին  կապված  նրա  հետ: 2018թ. ընդունվել  է  ԱրՊՀ  տնտեսագիտության  ֆակուլտետի  «Ֆինանսներ» բաժինը: 2019թ. զորակոչվել  է  ԱՀ  պաշտպանության  բանակ: Հերոսաբար  զոհվել  է  2020թ. հոկտեմբերի  10-ին, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի  Կարախանբեյլի  գյուղում:  
Ծնվել  է  2002թ. մայիսի  18-ին  Ստեփանակերտում: 2008թ. ընդունվել  է  Ստեփանակերտի  N8  դպրոցը և  ավարտել   2020 թվականին: Հաջող  հանձնելով  քննությունները՝ ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական   ֆակուլտետի  «Ինֆորմատիկա  և  կիրառական  մաթեմատիկա»  բաժինը: Դեռ   12-րդ  դասարանից   անցնում  էր  ծրագրավորման  կուրսեր՝ Ինսթիգեյթ  մոբայլում: Կենսախինդ, խելացի  ու  հայրենասեր  տղա  էր  Միխայիլը: Լեզու  էր  գտնում  ցանկացած  բնավորության  տեր  մարդկանց  հետ, որի  շնորհիվ  ուներ  մեծ  ընկերական  շրջապատ:  Հետաքրքրված  էր  ֆուտբոլով, նույնիսկ ինստագրամյան  ֆուտբոլային   էջ  ուներ  և  շատ  հետևորդներ: Ուներ  նաև  հեղինակային  ֆիլմ, որն  այդպես  էլ  չհրապարակվեց: 2020թ. հուլիսի  20-ին  զորակոչվել  է  բանակ  և  ծառայության  անցել Ջրականում՝ որպես  հրետանային   մարտկոցի  հրամանատար-հաշվարկող: Պատերազմի  8-րդ  օրը՝ հոկտեմբերի  4-ին, Միխայիլը  հայրենիքի  պաշտպանության  սուրբ  գործում  հերոսաբար  զոհվեց:
1 2 3