Արցախի պետական համալսարան

Ծնվել է 2000թ. նոյեմբերի 16-ին քաղաք Մարտունիում:

2006-2018թթ. հաճախել է Մարտունու N1 միջնակարգ հոսքային դպրոցը: Դպրոցական տարիներին եղել է գերազանց ընդունակություններով օժտված տղա, ուսումնական և սպորտային բնագավառներում տարաբնույթ միջոցառումների է մասնակցել, մաթեմատիկայի հանդեպ առանձնակի սեր ուներ, արժանացել է մի շարք  պատվոգրերի և մեդալների:

2018թ. ընդունվել է ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «ՆԶՊ»  բաժինը: Վեց ամիս հաճախել է դասերին, բարեհաջող հանձնել առաջին կիսամյակի  քննությունները և 2019թ. հունվարի 29-ին զորակոչվել բանակ: Ծառայում էր Ջրականում: Երեք ամիս վերապատրաստվել է Վանաձորում և ստացել սերժանտի  կոչում: Հրամանատարական կազմի կողմից ընտանիքը ստացել է շնորհակալագիր՝ օրինակելի որդի դաստիարակելու համար:

Մովսեսը շատ նպատակասլաց տղա էր: Որոշել էր ծառայությունից հետո  ուսումը շարունակել, մտածում էր նաև աշխատանքի անցնել պաշտպանության բանակում:

Պատերազմի ժամանակ հետախուզական խմբում էր և առաջին իսկ պահերից թեժ մարտեր էր վարում։ Գերազանց տիրապետում էր հետախույզի դժվար ու պատասխանատու գործի բոլոր նրբություններին, արագ և արդյունավետ էր կողմնորոշվում ցանկացած անելանելի իրավիճակում: Տասնյակ վիրավորների հանել  է մարտի դաշտից՝ հետախուզական գաղտնի առաջադրանքները հաջողությամբ  կատարելով:

Մովսեսը վիրավորվում և զոհվում է հոկտեմբերի 5-ին, երբ, չենթարկվելով նահանջի հրամանին, առաջ է շարժվում՝ զոհված ընկերոջը մարտի դաշտից հանելու:

Զոհվելուց շուրջ 7 ամիս անց է միայն ԴՆԹ թեստի միջոցով հաստատվել Մովսեսի զոհվելու փաստը: