Արցախի պետական համալսարան

Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 28֊ին  Ստեփանակերտում՝ 1992թ֊ին զոհված պապիկի՝ բերդաձորցի Ալեքսեյ Սամվելի Ասրյանի ընտանիքում։ 2007թ. հաճախել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի 1֊ին դասարանը, որտեղ սովորել է մինչև 2013թ.։ 2013֊2016 թթ. սովորել է ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 2016֊2019 թթ. սովորել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցում։ 2019 թ. ընդունվել է ԱրՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որտեղ այդպես էլ չի հասցրել սովորել և ավարտել։ Ալեքսեյը դեռ մանկուց աչքի էր ընկնում աշխույժ, ընկերասեր ու անմիջական բնավորությամբ։ Ե՛վ դպրոցում, և՛ ընկերական միջավայրում բոլորը սիրում և վստահում էին նրան։ 2020թ. հունվարի 8֊ից համալրել է ԱՀ ՊԲ Մարտունու 2֊րդ պաշտպանականի շարքերը։  Մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի և Վարանդայի մարտերին։ Ամիսներ շարունակ հավատով և հույսով ամենքը սպասում էին նրա վերադարձին։ Ճակատագիրը  դաժան գտնվեց ինչպես հազարավոր լույս տղաների, այնպես էլ Ալեքսեյի նկատմամբ։ Նա զոհվել է Վարանդայում հոկտեմբերի 24֊ի լույս 25֊ի գիշերը։ Ռազմական փորձագետների՝ մարտի դաշտի ուսումնասիրությունը փաստում է, որ նա ու ընկերները կռվել են հերոսի նման, քաջին վայել համարձակությամբ, կռվել են մինչև վերջին շունչը՝ անվարան ու աննահանջ։ 10 երկար ու տանջալից ամիսների որոնումների ընթացքում հայրը որդու բազմաթիվ սխրագործությունների մասին է իմացել։ Ամեն անգամ հպարտորեն լսում էր որդու մասին՝ հույս ունենալով, որ որդին կվերադառնա և ինքը կպատմի պատերազմի օրերից։ Ալեքսեյը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։