Արցախի պետական համալսարան

Ծնվել  է  2000թ. նոյեմբերի  14-ին  Մարտունու  շրջանի  Խնուշինակ  գյուղում:

 2006-2018թթ. հաճախել  է  Խնուշինակի  միջնակարգ  դպրոցը: Էդգարը  մանկուց  աչքի  էր  ընկնում  իր   արտասովոր  մտածողությամբ   և  ընդունակություններով: Փայլուն  տիրապետում  էր  պատմություն  առարկային: 

Մասնակցել  է  բազմաթիվ   օլիմպիադաների՝ ինչպես  շրջանային, այնպես  էլ՝  հանրապետական, գրավել  պատվավոր  տեղեր, արժանացել  պատվոգրերի  և  դիպլոմների:

Դպրոցն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ  պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետի  «Իրավագիտություն» բաժինը, այնուհետև, ուսումը  կիսատ  թողնելով, 2019թ. մեկնել  ծառայության:

Ծառայում  էր  Հադրութում՝ որպես  հակատանկային  ստորաբաժանման  ավագ  օպերատոր: Գերազանց  ծառայության    համար  ավագ  սերժանտի  կոչում  էր  ստացել: Սպայական  կազմը  միշտ  առանձնացնում  էր  նրան՝ հպարտության  առիթ  տալով  ծնողներին: Տան  միակ  տղա  զավակն  էր, ուներ  երկու  քույր:

2020թ. սեպտեմբերի  30-ին  խոցել  էր  թշնամու  տանկ: Զինընկերների  վկայությամբ՝  մինչև  վերջ  կռվել  է  առանց   վախի, հաղթողի  ժպիտը  դեմքին: Վերջին  հեռախոսազանգը   եղել  է  հոկտեմբերի  8-ին:

Հոկտեմբերի  9-ին  ընդհատվեց  Էդգարի կյանքը՝  անկատար  թողնելով  նրա  բազում  երազանքներ: Էդգարը  զոհվեց  Կարախանբեյլիում: