Արցախի պետական համալսարան
Արցախյան 44- օրյա պատերազմի հետևանքով հավերժի ճամփորդ են դարձել ԱրՊՀ երկու տասնյակից ավելի ուսանողներ։ Այսօր պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցած հուշ-երեկոն հիշատակի և խոնարհումի խնկարկում էր ֆակուլտետի զոհված ուսանողներ Արեն Ասրյանի և Էդգար Դոլուխանյանի անմար հիշատակին։
 
Նրանք գրիչը փոխարինեցին զենքով պատերազմի հենց առաջին օրերից։ Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, անմահացած ուսանողների հարազատներ։ Ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական կատարումներով, ներկայացրել հերոսներ Արենի ու Էդգարի կյանքն ու մարտական ուղին՝ իրենց ելույթներում ընդգծելով անմահացած ուսանողների սխրանքն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին։
Ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանն իր ելույթում երախտագիտության խոսք է հղել հավերժի ճամփորդ դարձած ուսանողների հարազատներին՝ նշելով.«Շնորհակալություն Ձեզ՝ հերոսներ ծնելու, սնելու և դաստիարակելու համար։ Խոնարհվում ենք Ձեր առջև, հերոսածին մայրեր։ Մեր անմահացած ուսանողները չխնայեցին իրենց կյանքը հանուն կյանքի։ Նրանք զոհվեցին՝ ապրողներին հրամայելով ապրել ու շենացնել հայրենիքը, ապրել նաև իրենց փոխարեն։ Ոչ մի պարտություն դեռ ավարտ չէ։ Մենք դեռ ապրելու ենք և շենացնելու ենք Արցախը»։