ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի մասնագետներն ու «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ, ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանի գլխավորությամբ, ԱրՊՀ-ում մեկնարկած «Հոգեբանի հետ» ծրագրի շրջանակում այցելել են Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան դպրոց, հանդիպել ուսուցիչների և աշակերտների հետ:
Հանդիպմանը Վ. Յարամիշյանը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին:
«Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի ելույթը մի պահ մոռացության տվեց անցած ամիսների մեզ պատուհասած դառնությունները։ Այն խորհրդատվություն էր, ապրելու, հոգու տառապանքը հաղթահարելու ճանապարհ, դեպի նոր կյանք գնալու ուղի` առանցքում նորը արարելու, ստեղծելու, գիտելիքներով զինվելու ձգտում... Իմաստալից ու ստեղծարար առաջարկներն այս ծանր վիճակից դուրս գալու համար հետաքրքիր էին, նույնքան էլ` ուսուցողական։ Դպրոցի տնօրենության, ուսուցիչների հետ մտերմիկ զրույցով, նորից մեզ այցելելու ցանկությամբ, շնորհակալական խոսքով ավարտվեց հանդիպումը»,-հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել դպրոցի հայոց լեզվի և գրականության երկարամյա ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը՝ հանդիպումն ու հոգեբանական կենտրոնի գործունեությունը համարելով ողջունելի և պահանջված։
«Հոգեբանի հետ» ծրագրի շրջանակում «Հոգեբանություն» մասնագիտության դասախոսներն ու ուսանողները այցելում են հանրակրթական դպրոցներ, արդիական հնչեղություն ունեցող թեմաներով հանդես գալիս դասախոսություններով, անհրաժեշտության դեպքում նաև ցուցաբերում հոգեբանական աջակցություն:
Համալսարանականները ծրագրի շրջանակում արդեն այցելել են Մարտունու համար մեկ, Ճարտարի, Գիշու, Բերդաշենի, Ասկերանի, Նորագյուղի, Ստեփանակերտում տեղակայված Շուշիի Խ. Աբովյանի անվան (Ստեփանակերտի հ. 2) և Հադրութի (Ստեփանակերտի հ. 3), Ստեփանակերտի համար 11, Ճարտարի դպրոցներ: