ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին ԱՀ ՄԻՊ-ի և ներկայիս պաշտոնում իրականացրած արդյունավետ գործունեության, ինչպես նաև ԱրՊՀ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար՝ պարգևատրելով նրան ԱրՊՀ հիմնադրման 50-ամյակի հուշամեդալով ու «Արցախի ժողովրդագիտությունը»
աշխատության հատորներով։
Արտակ Բեգլարյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, տարածաշրջանային զարգացումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները։
«Արցախի ապագան կախված է մեր այստեղ ապրելով։ Ինչքան շատ հայ ապրի Արցախում, այնքան անվտանգային առումով մեծ կլինեն երաշխիքները»,-ասել է Ա.Բեգլարյանը և համոզմունք հայտնել, որ խելացի ու նպատակային աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել ազգային նպատակներին՝ վերադարձնելով մեր հայրենիքի կորսված մասը։
Ա.Բեգլարյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանի առաջին մեկ տարին վերականգնման փուլ է, որի ընթացքում առաջնահերթություն է բնակչության կենսական առաջին անհրաժեշտ պայմանների վերականգնումը, որին պետք է հաջորդի զարգացման փուլը։
«Պետք է սոցիալական աջակցության տրամաբանությունը փոխվի՝ մարդկանց հնարավորություն տալով եկամուտ վաստակելու, դրանով իսկ զարգանալու և իրենց աշխատանքով նպաստելու երկրի, հասարակության զարգացմանը»,-ասել է նա։
Անվտանգային խնդիրներից խոսելով՝ բանախոսն ընդգծել է, որ այդ առումով դրական միտումներ կան, և այս համատեքստում կարևորել է ՌԴ կողմից տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության ապահովումը, որի ընթացքում պետք է կարողանանք ուժերը վերականգնել և խելացի աշխատանքով հասնել ազգային նպատակներին։
Փորձագիտական տեսանկյունից դիտարկելով այս օրերին շատերին հուզող հարցը, թե հինգ տարի հետո ինչ կլինի, Ա. Բեգլարյանի կանխատեսմամբ ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի մնալ Արցախում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։
Ա. Բեգլարյանը խոսել է նաև տնտեսության, կրթական համակարգի, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ բոլոր ծրագրերի հիմքում կարևորելով նախաձեռնողականությունը, մարդկանց մոտիվացիան։
Նրա համոզմամբ՝ այսօրվա պայմաններում բավարար հնարավորություններ կան նույնիսկ ինքնուրույն զարգանալու, միայն թե ցանկություն լինի, հետևողական ու խելացի աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել հաջողությունների։
«Մարդը միշտ պետք է մոտիվացիա ունենա նոր բան սովորելու համար։ Յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցի, որ իր աշխատանքով պետք է կարողանա օգտակար լինել իր ընտանիքին, իր հասարակությանը, իր երկրին»,-ասել է Արտակ Բեգլարյանը։
Բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին, նաև պատրաստակամությամբ ընդունել ուսանողության հետ հանդիպելու և դասախոսությամբ հանդես գալու առաջարկը։