Մայիսի 6-ին Արցախի պետական համալսարանի «Ֆիզդաստիարակություն և ՆԶՊ» ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է օլիմպիադա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից, որին մասնակցել է հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 13 դպրոցների 47 աշակերտ:
Օլիմպիադայում մրցակցությունն ընթանում էր անհատական և թիմային եղանակով: Մասնակիցներին առաջադրվել են տեսական ու գործնական խնդիրներ:
Ամփոփելով օլիմպիադայի արդյունքները՝ թիմային մրցապայքարում ավագ դպրոցների միջև առաջին տեղ է գրավել Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան 8-րդ մ/հ դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղ՝ Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցը: Հիմնական դպրոցականների միջև թիմային մրցապայքարում առաջին տեղ է գրավել Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան 9-րդ միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղ՝ Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան 3-րդ միջակարգ դպրոցը, 3-րդ տեղ՝ Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան 1-ին հիմնական դպրոցը:
Անհատական մրցապայքարում ավագ դպրոցականների շրջանում հրաձգությունից լավագույն արդյունք են ցույց տվել Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան 8-րդ մ/հ դպրոցի աշակերտուհի Դիանա Բարսեղյանը, զենքի քանդում և հավաքում մրցաձևից՝ նույն դպրոցի աշակերտ Մովսես Հովսեփյանը: Հիմնական դպրոցականների շրջանում զենքի քանդում և հավաքում մրցաձևից և հրաձգությունից լավագույն արդյունք է ցուցաբերել Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան 9-րդ միջնակարգ դպրոցի աշակերտ Արմեն Բաբայանը:
Թիմային և անհատական մրցապայքարում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ԱրՊՀ-ի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
Օլիմպիադային և պարգևատրման արարողությանը ներկա էին ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ղեկավար կազմը և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ:
Կարևորելով օլիմպիադայի նշանակությունը՝ «Ֆիզդաստիրակություն և ՆԶՊ» ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Սուսաննա Հայրապետյանը նշել է.
«Օլիմպիադայի կազմակերպման նպատակն է ապագա դիմորդներին մասնագիտական կողմնորոշման գործում նախաբուհական աջակցություն ցուցաբերելը, «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկայից լավագույն դպրոցական թիմին և լավագույն աշակերտներին ի հայտ բերելը և սովորող երիտասարդության շրջանում կարևորելը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելու գաղափարը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:
Ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը, կարևորելով բուհ-դպրոց կապը, նման օլիմպիադաները համարել է այդ կապի ամրապնդման լավագույն միջոցներից մեկը: