Հոկտեմբերի 25-ին Արցախի պետական համալսարանի եւ Հայագիտական Ուսմանց Ընկերության (ՀՈՒԸ) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ կրթության եւ հետազոտության բնագավառում համագործակցության ամրապնդման նպատակով:
Ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով համագործակցության նշանակությունը, բարձր է գնահատել պայմանագրի ստորագրումը՝ նշելով, որ մեծ է Հայագիտական Ուսմանց Ընկերության դերը սփյուռքում հայագիտության զարգացման գործում և հայրենիք-սփյուռք կապն ամուր պահելու առաքելության մեջ: Նա շնորհակալություն է հայտնել Հայագիտական Ուսմանց Ընկերության նախագահ դոկտոր Պետրոս Տեր Մաթոսյանին՝ ԱրՊՀ հետ համագործակցելու համար:
Կնքված պայմանագրի համաձայն՝ երկու հաստատությունները կիրականացնեն կրթական նյութերի, հետազոտությունների, ակադեմիական տեղեկությունների, գրքերի եւ հանդեսների փոխանակում, համատեղ հետազոտական գործունեություն, միջազգային գիտաժողովներ, կսերտացնեն հարաբերությունները Արցախի պետական համալսարանի եւ Հայագիտական Ուսմանց Ընկերության ուսանողների միջեւ, համալսարանի եւ Հայագիտական Ուսմանց Ընկերության հայագետների միջեւ, կկազմակերպվի դասախոսությունների շարք հայագիտական տարբեր նյութերի շուրջ, կներկայացվի Արցախի գիտական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական անցյալն ու ներկան տարբեր ոլորտներում։