Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ուսումնական գործընթացին զուգահեռ շարունակվում են տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվել, որոնց ընթացքում ուսանողները տեսական դասընթացներից ստացած իրենց գիտելիքները դրսևորում են գործնական առաջադրանքներով:
Հերթական միջոցառումը դեկտեմբերի 6-ին կազմակերպել է ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Գոհար Սարգսյանը «Ֆինանսներ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների հետ՝ «Ֆինանսական հաշվառում» դասընթացի շրջանակներում:
Միջոցառումը մրցույթի ձևաչափով էր, որի ընթացքում ուսանողները ստեղծել են վիրտուալ կազմակերպություններ և ներկայացրել այդ կազմակերպությունների կանոնադրությունը, լոգոն, կարգախոսը, գովազդը, ֆինանսական հաշվետվությունները և այլ անհրաժեշտ բաղադրիչները:
Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանի խոսքով՝ բավականին կարևոր են նման միջոցառումները, քանի որ դրանցով ուսանողների մոտ ավելի է ամրապնդվում տեսական գիտելիքը և հնարավորություն է ընձեռվում այն գործնականում կիրառելու:
«Ողջունում եմ ուսանողների կատարած աշխատանքը և կարևորում նրանց ունեցած գիտելիքները այդ դասընթացից: Ուսանողները հիմնավորված ներկայացրել են հաշվարկները, որոնք իրական էին ու գիտականորեն հիմնավորված: Վստահ կարող ենք ասել, որ նրանք արդեն կարող են բիզնես-ծրագրեր մշակել, ճիշտ գովազդել իրենց արտադրանքը և ծավալել գործունեություն»,-նշել է Ռ. Մանգասարյանը՝ շնորհակալություն հայտնելով դասընթացի ղեկավար Գ. Սարգսյանին և ուսանողներին՝ միջոցառման և կատարած աշխատանքի համար:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, ԱրՊՀ գլխավոր հաշվապահ Նարինե Իսրայելյանը, ուսանողներ: Միջոցառման ավարտին ուսանողներին շնորհվել են շնորհակալագրեր: