Արցախի պետական համալսարան
Ապրիլի 7-ին Մայրության, գեղեցկության և Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին Ստեփանակերտում արցախցի մայրերն ու աղջիկները խաղաղ ակցիա են կազմակերպել՝ քայլերթ իրականացնելով Ստեփանակերտից դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս։
Ակցիային մասնակցել են Արցախի պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ և դասախոսներ։
Ակցիայի մասնակիցները Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել զոհված հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, այնուհետև քայլերթով շարժվել դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս:
Ակցիայի միջոցով մասնակիցներն իրենց կոչերով ու ելույթներով ուղերձ են հղել միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելով արցախցու անկոտրում կամքը՝ հանուն ինքնորոշման իրավունքի, պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և Արցախը ապահայկականացնելու նրա փորձերը, բացել կյանքի ճանապարհը, ամիսներ շարունակվող շրջափակման պայմաններում պաշտպանել Արցախում ապրող մարդու հիմնարար իրավունքները, որոնք ամեն օր ոտնահարվում են Ադրբեջանի կողմից։ Ակցիան ամփոփվել է Հայաստանի և Արցախի օրհներգերով։