ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊՈԵԶԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ |
13.04 2017 |
Ապրիլի 12-ին գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր պոեզիայի համաշխարհային օրվան: Միջոցառմանը հրավիրված էին համալսարանի ղեկավարությունը, Արցախի գրական ընտանիքի անդամներ, դասախոսներ, ուսանողներ: Բանաստեղծուհի Զ. Բալայանը բացման խոսքում նկատում է՝ «Պոեզիան պոետի իմացական կյանքի վկայականն է, գեղարվեստի անքննելին, ազատության մեկնարանը, ոգեղենին և նիրվանային մերձեցող ճանապարհը, որն ամրապնդվել է երկրային և երկնային ծուփ ջրերում, մրրկահույս հոսքերում»: Միջոցառման գիտական մասում բանասիրական ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսներ և ուսանողներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով անդրադարձել են հայ, ռուս և եվրոպական պոետների ստեղծագործություններին՝ դրանք դիտարկելով ամենատարբեր դիտանկյուններից: Գրականության և լրագրության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը «Ապրիլյան պատերազմը Արցախի գրողների ստեղծագործություններում» թեմայով ելույթում նկատում է.«Արցախի գրողը, փառաբանելով հայ զինվորի սխրանքն ու հաղթանակը, միաժամանակ ոչ է ասում պատերազմին ու հաստատում հայի խաղաղասեր կամքը։ Բայց հայրենիքը պաշտպանելու համար նա նաև հաղթական ռազմակոչ է հնչեցնում և «եթե պատերազմ, ապա հաղթանակ ու ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով շարունակում արարել ու պայքարել»: Միջոցառման երկրորդ մասում ուսանողները հանդես են եկել ասմունքով և բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երաժշտական կատարումներով: Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Շուշան Ասկարյանը կարևորել է նման միջոցառումների դերը և նշել. «Միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին հաջողվել է բացահայտել պոեզիայի ողջ հմայքն ու գեղեցկությունը, արժևորել պոեզիայի ձեռքբերումները, գրապատմական ընթացքի առանձնահատկությունները, թեմատիկ-գաղափարական, ոճական և ժանրային որակումները»: «Պրագմատիկ այս իրականության մեջ, հուրախություն մեզ, մարդկությունը դեռևս չի կորցրել սերն ու հետաքրքրությունը գեղեցիկի նկատմամբ: Հաճելի է մասնակիցը լինել նման միջոցառման, որն ընդգրկում է մասնագետների` տարբեր ամբիոններից: Սա գեղեցիկ մտահղացում է, և հուսով ենք՝ շարունակական»,- ասել է ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նունե Առաքելյանը: |