Ապրիլի 18-ին «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Մտքի ուժը» ՀԿ-ի համատեղությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղում հաղթող է ճանաչվել ԱրՊՀ «Ցերեբրում» թիմը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպված ինտելեկտուալ խաղին, ի թիվս տասնհինգ թիմերի, մասնակցում էր նաև ԱրՊՀ դասախոսներից և ուսանողներից կազմված թիմը, որը խաղի երեք փուլի և լրացուցիչ հարցերի արդյունքում գրավել է առաջին տեղը և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շահրամանյանի կողմից պարգևատրվել գավաթով, պատվոգրով ու Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գրականությամբ:
«Ցերեբրում» թիմի ավագ, իրավագիտության մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Էրիկ Լալայանը դրական է գնահատում նման միջոցառումներն այն առումով, որ այդպիսիք նպաստում են ինչպես երիտասարդների ինտելեկտուալ պատրաստվածության բացահայտմանը, այնպես էլ տարբեր կառույցների միջև շփումներին:
«Գնահատանքի են արժանի կազմակերպիչների ջանքերը ոչ միայն գաղափարի, այլև կազմակերպչական առումով: Ողջունելի է, որ փուլային ընդմիջումներն ուղեկցվում էին ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ»:
Լուսանկարները` Artsakh Monuments ֆեյսբուքյան էջ