ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

19.05

2017

1qq  2qqq

3qqq  4qqqq

Մայիսի 19-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր լրագրող, հասարակական գործիչ Նելլի Ալելովան:

Բացելով հանդիպումը՝ ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ներկայացրել է հյուրին և նրա գործունեության հիմնական ուղղությունները, որոնք առնչվում են հեռուստատեսության, կինոյի և լրագրության հետ:

Հանդես գալով «Լրագրությունը և բարոյականությունը» թեմայով դասախոսությամբ՝ Ն. Ալելովան տեսական ընդհանրացումներ է կատարել լրագրության և բարոյականության վերաբերյալ, ապա աշխատանքային իր գործունեությունից ներկայացրել այնպիսի դրվագներ, որոնց ընթացքում նա առնչվել է լրագրողական բարոյականությանը:

«Առաջին հայացքից թվում է, թե այս երկու հասկացությունների՝ լրագրության և բարոյականության համադրությունը պարզ է, նույնիսկ՝ պրիմիտիվ: Լրագրողական գործունեության ընթացքում, սակայն, հասկանում ես, որ լրագրողական բարոյականությունն այն չէ միայն, ինչ թվում է: Այստեղ էական են ավելի շատ մանրուքները, քան երևույթները»,-նշել է լրագրողը և հասարակության մեջ բարոյականության տարածման   հարցում կարևորել լրատվամիջոցների գործառույթը:

 «Յուրաքանչյուր լրագրող պետք է գիտակցի իր կատարած աշխատանքի կարևորությունն ու պատասխանատվությունը, որովհետև նա հասարակական կարծիք  է ձևավորում»,-ասել է Ն. Ալելովան:

Դասախոսությունից հետո բանախոսը պատասխանել է ուսանողների հարցերին: