Արցախի պետական համալսարան

 

IMG 5453   IMG 5544

IMG 5555   IMG 5562

Հունիսի 1-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում գիտահետազոտական աշխատանքների հիմնական սկզբունքների և խնդիրների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել  Օքսֆորդի համալսարանի դասախոս, դոկտոր  Հրաչ Չիլինգիրյանը:

Նախքան դասախոսությանն անցնելը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանին` ոչ ֆորմալ կրթության ծրագրին ցուցաբերած աջակցության համար և նրան շնորհել ԱրՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:

«Երկու տարի է, ինչ Կ. Օհանջանյանի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ հաջողությամբ գործում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը, որի շրջանակներում ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես են եկել երեք տասնյակից ավելի ՀՀ և արտասահմանյան հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և գիտնականներ»,- նշել է ռեկտորը՝ ընդգծելով ծրագրի դրական արդյունավետությունը, որի մասին բարձրաձայնում են հատկապես ուսանողները:

Կ. Օհանջանյանն իր հերթին շնորհակալություն է հատնել ԱրՊՀ Գիտական խորհրդին և հավաստիացրել, որ հետագայում ևս ապահովվելու է ծրագրի շարունակականությունը՝ ընդգրկելով առավել լայն աշխարհագրություն:

Ասվածի առհավատչյան Հ. Չիլինգիրյանի հերթական հանդիպումն էր Արցախի պետական համալսարանում: Այս անգամ բանախոսը հանդես է եկել «Մեթոդաբանության և ուսումնասիրության խնդիրների քննարկում» թեմայով դասախոսությամբ:

Ընտրելով գիտական հետազոտությունների հիմնախնդիրներին առնչվող թեմա՝ բանախոսը նպատակ է ունեցել գիտության ոլորտում ունեցած տարիների իր փորձառությունը կիսելու երիտասարդ հետազոտողների հետ:

Հ. Չիլինգիրյանն իր դասախոսությունը բաժանել է երկու մասի՝ հետազոտության հարցեր և կոնկրետ հետազոտություն: Առաջին մասում նա տեսական դրույթներ է  առաջ քաշել հետազոտության սկզբունքների վերաբերյալ, ապա կոնկրետ թեմայի (Հայ եկեղեցու ներկա վիճակը) հիման վրա ցույց տվել դրանց գործնական կիրառության եղանակները: Մասնավորեցնելով ասվածը՝ բանախոսն առաջարկում է հետազոտության աշխատանքային հետևյալ պլանը. առաջադրվող խնդրի սահմանում, սկզբնաղբյուրների և արխիվային այլ նյութերի ուսումնասիրություն, ընդգրկման շրջանակների հստակեցում, մեթոդական գործիքների ընտրություն:

Հետազոտական աշխատանքի հիմնական սկզբունքների և խնդիրների մասին խոսելիս հետազոտողը ընդգծել  է. «Անհրաժեշտ է տեսնել խնդիրը և իրականության հետ ունեցած նրա հարաբերությունը, ապա այս տեսանկյունից վերլուծություններ կատարել՝ տալով համակողմանիորեն հիմնավորված առաջարկություններ»: