ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

08.06

2017

IMG 62750  IMG 62641

IMG 62812  IMG 62718

Հունիսի 7-ին ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնած հուշ-ցերեկույթը նվիրված էր ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Լենա Գրիգորյանի մահվան տարելիցին:

Միջոցառման ընթացքում հայ գրականության և լրագրության ամբիոնի դասախոսները, որոնց մեծամասնությունը Լ. Գրիգորյանի ուսանողական տարիների ընկերները և ուսանողներն են, կիսել են իրենց հուշերը Լ. Գրիգորյան մարդու, անհատի, կնոջ, մոր, ընկերոջ և գործընկերոջ, մտավորականի և գիտնականի, հասարակական-քաղաքական գործչի  մասին:

Ամբիոնի պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ով Լ. Գրիգորյանին ծանոթ է դեռևս Բաքվի մանկավարժական համալսարանից, ընդգծել է միայն նրան բնորոշ առաքինությունները, որոնցով և Լ. Գրիգորյանը մնաց նրան ճանաչողների հուշերում. հումորի զգացում, ուրույն մտածողություն, հպարտություն, բայց ոչ երբեք  մեծամտություն:

«Ճիշտ այնպես, ինչպես ժողովուրդն իրավունք չունի մոռանալու հանուն հայրենիքի ազատության և անկախության նահատակված զինվորներին, այսօրվա սերունդն իրավունք չունի մոռանալ Արցախի կրթության  և գիտության ոլորտում ուրույն և ինքնատիպ անուն դարձած Լենա Գրիգորյանին»,- ասել է Ս. Խանյանը:

Լ. Գրիգորյանը ծանր վիշտ ուներ. անդրանիկ որդու՝ Նարեկի կորուստը, որի հետ երբեք չհամակերպվեց և ում սպասեց մինչև վերջին շունչը: «Որդիս կգա…»,- այսպիսին էր որդեկորույս մոր վերջին հառաչանքը:

 Ուսանողական տարիների ընկերուհի, գործընկեր և ընտանիքի բարեկամ Անահիտ Աթայանը նկատում է, որ չնայած ծանր վշտին, Լ. Գրիգորյանը երբեք չէր բարձրաձայնում իր ցավն ու չէր տրտնջում, այլ լուռ տանում էր հոգու մորմոքը: Ավելին՝ ուժեղ կամքի շնորհիվ նա արարում էր ապրելու միայն իրեն բնորոշ սկզբունքներն ու ապրեցնում: Ավելին՝ սովորեցնում ապրել: Նա ապրեց հանուն իր բազմանդամ ընտանիքի՝ որդիների, դստեր և թոռների, հանուն «վերածնված» Նարեկի:

Գիտնականի ավագ և ներկայիս սերնդի ուսանողների բացառիկ հուշերում ընդգծվում էին մեծ մանկավարժի անսահման նվիրումն ու մարդասիրությունը, վշտի միջից ժպտալու առասպելական հատկությունը: «Բնության մեջ մահ չկա: Մի գոյաձևը փոխվում է մի այլ գոյաձևի: Ընկեր Գրիգորյանը, ում բացառիկ մտերմությունը վայելելու բախտ եմ ունեցել,- ասում է բ.գ.թ., դոցենտ Սիլվա Խաչատրյանը,- մարդկության գոյության եզակի դրսևորում էր, անսահման բարի և նույնքան մեծ՝ իբրև մարդ, քաղաքացի, մտավորական»:

Ս. Խանյանն ու Զ. Բալայանը մեծարանքի խոսքն առ Լ. Գրիգորյան արտահայտեցին իրենց հեղինակային բանաստեղծություններով: