ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱրՊՀ-ՈՒՄ

14.06

2017

IMG 6491  IMG 6583

IMG 6685   IMG 6681

Հունիսի 14-ին ԱրՊՀ մեծ դահլիճում տեղի է ունեցել բուհի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: 2016-2017 ուս. տարում բուհը թողարկում է 598 շրջանավարտ, որից 80-ը` մագիստրոսի կոչումով:

Արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ, հարազատներ, ովքեր  նախ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բակալավրիատի և մագիստրատուրայի մի խումբ շրջանավարտներ հանդիսավոր պայմաններում դիպլոմներ են  ստացել ԿԳՍ նախարար Ս. Ասրյանից, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանից և համապատասխան ֆակուլտետների դեկաններից:

Նախարար Ս. Ասրյանը շնորհավորել և բարի երթ է մաղթել շրջանավարտներին՝ հավատացած լինելով, որ  ԱրՊՀ շրջանավարտները համալրելու են հանրապետության կադրային դարբնոցը՝ իրենց ուրույն ներդրումն ունենալով ամենատարբեր ոլորտներում. «Չնայած հանրապետությունում որոշ մասնագիտությունների գծով կադրերի քանակական գերաճ է նկատվում, որոշ մասնագիտությունների գծով էլ՝ մասնագետների սղություն կա, այնուամենայնիվ համապատասխան գերատեսչությունները պատրաստ են աշխատանքի տեղավորման հարցում ընդառաջելու մասնագիտական գիտելիքներով զինված լավագույն շրջանավարտներին»:

Ռեկտոր Մ. Մինասյանը շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքում մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ, որ առաջին հերթին լինեք մարդկային լավագույն որակներով անհատներ, հայրենասեր քաղաքացիներ և առաջադիմող մասնագետներ: Այսպիսով դուք կարդարացնեք ոչ միայն բուհի, այլև ձեր և ձեր ծնողների սպասելիքները»:

ԱրՊՀ-ում գործող հինգ ֆակուլտետների դեկանները ևս շնորհավորեցին ուսանողներին կրթական իրենց գործունեության արդյունքների ամփոփման կապակցությամբ: Նրանք բոլորը համակարծիք են այն հարցում, որ ԱրՊՀ շրջանավարտները հանձնել են պատասխանատվության և հասունության քննությունը և բավարար գիտելիքներ ունեն իրենց և երկրի փայլուն ապագայի կերտման համար:

Ծնողների անունից շնորհավորանքի և երախտագիտության խոսք հղեց Ռիտա Պետրոսյանը, ով նախևառաջ շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանն ու մանկավարժական կոլեկտիվին` ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար, իսկ շրջանավարտներին կոչ արեց ստացած գիտելիքներն օգտագործել ի շահ մեր երկրի և պետականության:

«Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում ուշադրություն է դարձվել ուսյալ երիտասարդությանը: Մեր նորանկախ հանրապետությունում ստեղծված են բոլոր պայմանները ժամանակակից և որակյալ կրթություն ստանալու համար: Հուսով եմ՝ ձեր մասնագիտական գիտելիքները ի սպաս կդնեք մեր երկրի զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Ռ. Պետրոսյանը: